Մեզ մոտ մի քանի ամսում իրավիճակ է կտրուկ փոխվել, մեծ թռիչք կա, կոռուպցիա չկա, հավասար մրցակցային դաշտ կա, մենաշնորհ չկա: Այս մասին, Համաշխարհային Բանկի տնտեսագետ, ծրագրի ղեկավար Սառա Նիմանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը:
ՀԱԳՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արսեն Ղազարյանն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման եւ հավասար մրցակցային դաշտի վերաբերյալ ձեր այս օրակարգը Ապրիլյան հեղափոխությունից առաջ էլ կար, բայց ընդամենը զուտ միջոցառումային ձեւաչափով: Մեզ մոտ մի քանի ամսում իրավիճակ է կտրուկ փոխվել, մեծ թռիչք կա, կոռուպցիա չկա, հավասար մրցակցային դաշտ կա, մենաշնորհ չկա: Հասարակությունը շատ արագ ինքնամաքրվում է,:
Նա ընդգծել է, որ իրենք բոլոր կառավարությունների ժամանակ էլ շուրջ երեք տասնամյակ բարձրաձայնել են այդ մասին, բայց այն իրականություն դարձավ ընդամենը քաղաքական հստակ ու վճռական կամքի դրսեւորման շնորհիվ. «Այս ձեռքբերումները հարկավոր է անհապաղ կապիտալիզացնել: Եվրասիական տնտեսական համակարգում մենք պետք է մեր մոդելը ներկայացնենք, ինչը կարող է օրինակելի դառնալ նաեւ մյուսների համար»:
Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Սառա Նիմանը նշել է, որ բազմիցս օժանդակություններ են տրվել կոնկրետ ֆիրմաների, որովհետեւ համատարած կոռուպցիայի պայմաններում զանազան ատյաններ դրանք փոշիացնում էին եւ անարդյունավետ օգտագործում:
Այս խնդրում հյուրին համակարծիք լինելով՝ Արսեն Ղազարյանը միաժամանակ հավելեց՝ «Այդ գործում միջազգային ինստիտուտների եւ կառույցների խորհրդատվությունը այսօր կարող է առավել շահեկան լինել: Մեր տնտեսությունը այս անցումային փուլում պահելու համար եւս 2-3 տարի ֆինանսական այդ օժանդակությունները հարկավոր են, որից հետո զարգացումը կապահովվի: Այլապես այսօր 7-8 տոկոսով ՀՆԱ-ի աճը լիարժեք հենման կետ չի կարող լինել»:
Քննարկվեցին նաեւ հանդիպման խնդրին ածանցյալ այլ հարցեր:



























