Դանիացի իժեներ եւ գյուտարար Պետեր Մադսենը, ով շվեդ լրագրողուհի Կիմ Վալի սպանության համար այս տարվա ապրիլին դատապարտվել էր ցմահ ազատազրկման, կրկին չի բողոքարկի իր դատավճիռը։ Այդ մասին TV2 հեռուստաալիքին հայտնել է նրա փաստաբան Բեթինա Խալդ Էնգմարկը։
«Նա որոշել է չդիմել, որպեսզի իր գործը լսվի Գերագույն դատարանում։ Նա ուզում է, որ ամեն ինչ վերջապես ավարտվի, եւ հուսով է իր պատիժը կրելու պայմանները կնորմալանան,- հայտնել է պաշտպանը։
Կոպենհագենի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի վերջին ուժի մեջ է թողել Մադսենի դատավճիռը, ով դեռեւս ապրիլին առաջին ատյանի դատարանի դատավճռից անմիջապես հետո բողոքարկել էր այն՝ խնդրելով իր համար պատիժը կրելու կոնկրետ ժամանակ սահմանել։ Դատալսումների ժամանակ դատախազությունը կրկին ուշադրություն էր հրավիրել սպանության առավել դաժան հանգամանքների վրա։ Փաստաբանները պահանջել էին 14-16 տարվա ազատազրկում։
Վալի սպանության գործը մեծ աղմուկ էր բարձրացրել Դանիայի սահմաններից դուրս՝ կապված 30-ամյա լրագրողուհու սպանության աննախադեպ հանգամանքների հետ։ Վալը պետք է Wired ամսագրի համար հարցազրույց վերցներ Մադսենից, սակայն 2017թ․ օգոստոսի 10-ին, դանիացու հետ ծովային զբոսանքի դուրս գալուց հետո անհետացել էր։ Հետագայում պարզվել էր, որ գիտնականը սպանել եւ անդամահատել է լրագրողուհուն սուզանավի վրա, որ կառուցել էր մի քանի էնտուզիաստների հետ։ Ջրասույզները միայն 4 ամիս հետո էին գտել ծովի հատակը նետված մարմինը։
Մադսենը հերքում էր իր մեղքը՝ ասելով, որ ծովն է նետել ածխաթթու գազից արդեն մահացած լրագրողուհու դին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։




























