Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Վիլեն Խաչատրյանը Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության հետ միասին մի քանի տարի անհրաժեշտ փաստաթղթերն էր պատրաստում, ապացուցում վերանվանման կարեւորությունը:

«Արցախը խորհրդանշում է ազատությունն ու այն ամենն ինչ կապված է հայ ժողովրդի հետ, այդ պատճառով մենք որոշեցինք, որ Գլենդելում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, պետք է լինի Արցախի փողոց», - պատմում է նա «Ամերիկայի Ձայն»-իռուսական ծառայությանը:

Գարնանը Գլենդելի քաղաքապետարանը միաձայն հավանություն էր տվել փողոցի վերանվանմանը: Նախաձեռնություն, որը բոլորին չէր դուր եկել:

«Պարզ պատճառներով, դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը, նրանց հյուպատոսությունը նամակներ էր ուղղում», - նշում է Խաչատրյանը:

Կալիֆոռնիայի ղեկավարության հասցեին ուղղված իր նամակում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Ագայեվը նշում էր. «Արցախը սխալ անվանում է: Այդպես են կոչում հայերը Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի տարածքն է»:

Հյուպատոսը խնդրել էր դադարեցնել փողոցի վերանվանման գործընթացը: Սակայն ի վերջո Գլենդելում բացվեց Արցախի փողոց: Վերանվանումը սկզբում դուր չէր եկել նաեւ Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով: Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար հատկացրեց: Քաղաքային բյուջեից եւս 10 միլիոն դոլար է հատկացվելու նոր փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:

«Այս փողոցն այցելող մարդիկ արդեն առնվազն կհետաքրքրվեն, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում», - նշում է ԱՄՆ-ում Լեռնայի Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Երգիչ Անդրեն պատմում է. «Ես ծնունդով Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ էի պատերազմի տարիներին: Գրեթե ամբողջ ընտանիքս մասնակցել է պատերազմին, որից վերադարձան միայն հայրս եւ պապս: Մարդիկ կյանքը նվիրեցին հայրենիքին եւ այսօր ես հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում»:

Գլենդելի բնակիչներից շատերն էին անհամբեր:

«Ես շատ եմ ուզում, որպեսզի ամենուրեք, ամբողջ Հայաստանում խաղաղ երկինք լինի, քանի որ հայ ժողովուրդը դրան երկար է սպասել», - ասում է Գլենդելի բնակիչներից մեկը:

«Հայաստանի համար սա շատ կարեւոր օր է, քանզի մենք բոլորս կարոտում ենք մեր հայրենիքը», - ավելացնում է մյուս բնակիչը:

Լոս Անջելեսի ոչ հայ բնակիչների կարծիքն այս կապակցությամբ տարբեր է:

«Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է», - նշում է բնակիչներից մեկը:

«Չեմ հասկանում, ինչու էր անհրաժեշտ վերանվանել փողոցը: Չնայած՝ վատ գաղափար չէ», - ավելացնում է մյուսը:

«Եթե խոսքը հայկական թաղամասի մասին է՝ ուրեմն թող վերանվանեն, եթե ուզում են: Դա ձեր թաղամասն է, ձեր որոշումն է: Մենք ունենք կորեական թաղամաս, չինական թաղամաս, յուրաքանչյուրն ունի սեփական թաղամաս: Ուրեմն ինչո՞ւ չվերանվանել փողոցները ձեր ցանկությամբ», - եզրակացնում է երրորդը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում կրող եւս մեկ փողոց: