ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում առկա բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։

Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ:

Ս.Պողոսյանը ճանաչվել է տուժող, նրա որդին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դիակից վերցվել են հագուստները և նմուշներ՝ համեմատական հետազոտության համար:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: