«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը նման կարգի բոլոր համաժողովներից տարբերվում է նրանով, որ մշտապես գործող է: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ ԵՏՄ անդամ երկրներում գրասենյակներ բացելու որոշում է ընդունվել: «Այս երկրներում գործող գրասենյակների ստեղծման խնդիրն այն է, որ բիզնեսին մշտական ռեժիմում աջակցեն»,- պարզաբանեց Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահը շեշտեց, որ սա արվում է նոր աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսական հնարավորությունների ամրապնդման համար հնարավորությունների ապահովման շրջանակում՝ հավելելով, որ առաժմ չկա ակտիվություն, որպես այդպիսին, սակայն հետագա ակտիվացման եւ բիզնեսի կողմից հետաքրքրվածության մեծացման որոշակի հույսեր կան:
«Ինձ թվում է, որ հայկական բիզնեսի կողմից դեռեւս որոշակի անվստահություն կա: Խնդիր է դրված առավելագույն օժանդակություն ցուցաբերել ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացմանը, այլեւ մյուս հարեւան երկրների»,- նշեց Արա Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արդեն համատեղ աշխատանք է տարվում ինչպես BRICS-ի հետ, այնպես էլ ՇՀԿ-ի հետ:
Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւն իր հերթին հայտարարեց, որ նման կարգի համաժողովների անցկացման շնորհիվ Հայաստանի բիզնեսին եւ հանրությանը մտահոգող քննարկվող հարցերը կարող են մեկնաբանվել, փաստորեն, անմիջապես իրենց՝ այդ մասին խոսողների կողմից:




























