Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի եւ մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար եւ նշել, որ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն այսօր ամբողջությամբ չի իրացվում:

Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը կարեւոր հիմք են զբոսաշրջության զարգացման համար: Պու Կուն Կոն դրվատանքով է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարների մասին եւ ակնկալել համագործակցություն նաեւ թվայնացման օրակարգի շրջանակում: Սինգապուրի ավագ պետնախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսելու իրենց երկրում տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը:

Մհեր Գրիգորյանը եւ Պու Կուն Կոն կարեւորել են առաջիկայում ԵՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը եւ դա համարել եւս մեկ խթան հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման եւ դրա հետագա կիրարկման գործընթացում: