Մեզ մոտ այնպիսի ստանդարտներ ու ենթաստանդարտներ են սահմանված, որ քիչ է մնում մեջը անուն ազգանունը գրեն, որ էսինչ մարդը պետք է ապրանքը բերի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այստեղ պետք է խնդիրներին զգույշ մոտենալ, որ ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանեն:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատարին՝ նշելով, որ այսօր ներկրումների մասով մենաշնորհներ չկան, բայց պետք է հաջորդ քայլը արվի, որ այն ցանցերը, որտեղ պետք է ներկրված ապրանքն իրացվի, դրանք եւս պետք է ազատականացվեն կամ գործիքներ կիրառվեն. «Օրինակ բենզինի շուկայում մի քանի խոշոր ներկրողներ կան: Հիմա եթե նոր ներկրող հայտնվի, պետք է բենզինն իրացնի այն լցակայաններում, որոնք պատկանում են այդ 2-3 ներկրողներին»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր ՄԻԿԱ ընկերության բենզալցակայանները ամբողջությամբ կանգնած են, չեն գործում. «Դրա նկատմամբ կան կոնկրետ հետաքրքրություններ եւ ես հույս ունեմ, որ նոր խաղացողներ ի հայտ կգան շուկայում»:
Նա մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց. «Մարդը գնում է բենզալցակայան եւ էնտեղ ցույց է տալիս, որ ասենք 10 լիտր բենզին լցվեց մեքենայի մեջ, բայց 10 լիտր է լցվե՞լ: Իհարկե ոչ: Դա պետության պարտավորությունն է՝ ապահովել, որ եթե գրված է 10 լիտր, լինի 10 լիտր: Մենք նայում ենք միայն գինը, բայց պետք է նայել նաեւ ծավալը, որովհետեւ այդտեղ կարող են այնպիսի տատանումներ լինել, որ մարդկանց գրպանի վրա մեծ ազդեցություն ունենա: Նույնը վերաբերում է գազին եւ բոլոր մյուս ապրանքներին»:
Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր դեպքերում սեփականության վերաբաշխում չպետք է տեղի ունենա. «Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ իր ձեռքից որեւէ բիզնես խլվել է ու տրվել է ուրիշին: Այսօր հետաքրքիր բան կա, մարդն ուզում է իր բաժնեմասերը վաճառել, գալիս հարցնում է վարչապետին՝ թե կարա՞մ վաճառեմ: Քո ապրանքն է, ուզում ես վաճառիր, ուզում ես ոչ: Հետո էլ հարցնում է մի քանի ուզող կա, ում վաճառեմ: Դրա համար եմ ասում, որ բիզնես էլիտան անառողջ հետաքրքրություններ չպետք է ունենա: հարստացեք, բայց ձեր փողը մի կիրառեք մարդկանց կամքը կաշկանդելու համար»,-ասաց Փաշինյանը:



























