Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել եւ խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց շրջանակներում ձեռքբերված փորձը կլինի կիրառական եւ կօգտագործվի կառավարության հետ համատեղ առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:
Փոխվարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը ԱԶԲ-ի պես թափանցիկ գործելաոճ եւ բարձր հեղինակություն ունեցող գործընկերոջ հետ:
Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Հոնգ Ուեյը կիսել է այցից իր տպավորությունները եւ գոհունակությամբ խոսել ԱԶԲ-ի կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Նա ակնկալել է, որ Հայաստանի հետ ԱԶԲ հետագա համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի նաեւ սոցիալական ոլորտում եւ մասնավոր հատվածում նոր ծրագրերով:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ԱԶԲ կողմից Հայաստանում պարտատոմսերի թողարկմանը, գյուղատնտեսության ոլորտում նորարարական ծրագրերի ԱԶԲ փորձին եւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են բոլոր կարեւոր ոլորտների հետ համատեղ մարդկային կապիտալի զարգացումը, որը կարող է լրացնել այլ ոլորտներում առկա բացերը:



























