«Տաշիր» ընկերությունների խումբը պարզաբանում է ներկայացրել մամուլի տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ:
Պարզաբանման մեջ ասվում է. ««ՊԵԿ-ի կալանվավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը.
«Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որեւէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական որեւէ կառույցի վրա ազդելու սկզբունքը կազմակերպության նախագահի համար անընդունելի է:
Խնդրում ենք հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց առաջ ստուգել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը եւ անիմաստ շահարկումների առիթ չստեղծել: Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում»:




























