Այն, որ անցյալ շաբաթ կենտրոնական բանկը միանգամից 0,5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,75 տոկոս, շատերին մտահոգվելու տեղիք տվեց։ 2006 թ. հետո սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի ամենաբարձր մակարդակն է։
Որքանո՞վ է սա արդյունավետ քայլ՝ գնաճը զսպելու համար, եւ արդյոք չի՞ հանգեցնի տնտեսությունում բացասական զարգացումների:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ԿԲ-ի հիմնական գործիքն է՝ զսպելու գնաճը։ Այսինքն՝ ԿԲ-ն անում է այն, ինչ տեսականորեն պետք է անի բարձր գնաճի պայմաններում՝ թանկացնում է փողը եւ նվազեցնում փողի նկատմամբ պահանջարկը։ Այս քաղաքականությունը կոչվում է գնաճի նպատակադրման ռազմավարություն, որին անցում ենք կատարել 2006 թ.։ Գնաճի կառավարման այս մոդելը կիրառվում է աշխարհի 27 կենտրոնական բանկերի կողմից, սակայն ԱՊՀ-ում միայն Հայաստանն է այն կիրառում։
Որքանո՞վ սա ճիշտ մոտեցում է, եւ արդյոք ճի՞շտ է կուրորեն հետեւել Արեւմուտքում մշակված տեսական մոդելներին։
Դա հասկանալու համար նախ փորձենք պարզել, թե որն է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման անմիջական ազդեցությունը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերին տրվող 7-օրյա վարկի (երբեմն անվանում են նաեւ ռեպո) տոկոսն է։
Կարճաժամկետ այդ վարկը լուծում է առաջին հերթին առեւտրային բանկերի իրացվելիության խնդիրը, որպեսզի կարողանան իրենց հաշիվներից տարաբնույթ վճարումներ կատարել։ Եթե բանկերը իրացվելիության սուր խնդիրներ չունեն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը նրանց մարտավարության վրա գրեթե չի անդրադառնում։ Վերջին տարիների փորձը հենց ցույց է տալիս, որ առեւտրային բանկերը, վարկերի տոկոսադրույքներ սահմանելիս, գրեթե հաշվի չեն առնում վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը կամ փոփոխման վեկտորը։
Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում փողը միշտ էլ թանկ է եղել, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ միշտ էլ էժան։ Օրինակ՝ երբ մի 2 տարի առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4-5 տոկոսի շրջանակներում էր, առեւտրային բանկերը 20-25 տոկոսով էին վարկ տրամադրում։ Այսպիսի խզվածության պայմաններում խոսք անգամ լինել չի կարող վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակրոտնտեսական մեծ դերակատարման մասին։ Ճիշտ է՝ վերջին 2 տարիների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի եւ առեւտրային տոկոսադրույքների միջեւ խզվածությունը կրճատվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը աճում է, իսկ առեւտրային տոկոսադրույքները նվազման միտում ունեն։
Սակայն անգամ այդ խզվածության լիակատար վերացումը բավարար չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմը աշխատեցնելու համար։ Շատ կարեւոր է հոգեբանական գործոնը։ ԿԲ-ն պետք է կարողանա իր հանդեպ վստահության պաշար ստեղծել, որպեսզի շուկան եւ քաղաքացիները ընդունեն իր կողմից ուղարկվող ազդակները։ Առայժմ այդպիսի վստահություն ԿԲ-ի հանդեպ չկա։
Այսպիսով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը մեծ հաշվով չի կարելի դիտարկել որպես գնաճի կառավարման արդյունավետ մեխանիզմ։ Այն ավելի շատ իմիտացիոն բնույթի միջոցառում է։ Ուստի բնավ զարմանալ պետք չէ, որ Հայաստանում ունենք բավական անկառավարելի գնաճային բացասական զարգացումներ։
Սամվել Ավագյան




























