Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն խթանեց երկկողմ հարաբերությունների զարգացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Բելառուսի դեսպանատան առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ ներդրումային հարցերով ավագ խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը:
Դմիտրի Սեմյոնովիչն ընդգծեց, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը եւ ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում բիզնես հնարավորությունների բարելավումն անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության զգալի աճի հանգեցրեց: «Նույն դինամիկան նկատվում է նաեւ այս տարի», - ասաց դեսպանատան ներկայացուցիչը:
Դմիտրի Սեմյոնովիչի խոսքով, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական հարաբերություններն առավել ակտիվորեն զարգանում են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտներում: «Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություն է ստեղծում», - ընդգծեց դեսպանատան ներկայացուցիչը:
Խորհրդականի խոսքով, նախատեսվում է տրանսպորտի եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ կոմունալ տնտեսության ոլորտներում եւ մի շարք այլ ուղղություններով ծրագրեր իրականացնել: «Այս բոլոր հարցերը մշակվում են հայկական կողմի, այդ թվում նաեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», - ասաց նա:
Դմիտրի Սեմյոնովիչը նշեց, որ համագործակցության կարեւոր ուղղություններից է Երեւանի եւ Մինսկի միջեւ գիտակակրթական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի ամրապնդումը: Այս առումով դեսպանատան խորհրդականն ընդգծեց Գորիսին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալու վերաբերյալ միջոցառման կարեւորությունը, որին մասնակցում էին նաեւ Բելառուսի ներկայացուցիչները:




























