Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հակակոռուպցիոն կենտրոնը ահազանգ է ստացել, որ դեռեւս փետրվարի 11-ին ոստիկանության շենքի եւ Ախուրյանի խճուղու խաչմերուկում կայանած վրացական համարանիշերով ավտոմեքենաների 2 վարորդների 4 ոստիկաններ տարել են Ախուրյանի ոստիկանապետ Վ. Ենգոյանի հետ հանդիպման: Վարորդները պատմել են, որ իրենց ուղղակի պարտադրել են գնալ այդ հանդիպմանը, որի ժամանակ փոխգնդապետ Ենգոյանը նրանց սկսել է բացատրել, թե ոստիկանությունը նրանց մեքենաները ճանաչում է, համարներն ունի գրած, լավ կլինի, որ չմասնակցեն մաքսազերծման նոր կարգի դեմ բողոքի ակցիաներին եւ այլն:

Այդուհանդերձ բողոքի ավտոերթը Ախուրյանում կայացել է, որի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ դրսում հանդիպել են գնդապետ Ենգոյանի հետ: Նա նախ փորձել է արդարանալ, ասելով, թե որեւէ մեկին իր մոտ չի հրավիրել, հետո էլ նշել է, որ այդ 2 վարորդներին ճանաչում է եւ որեւէ պրոբլեմ չունի վարորդների հետ:

Ախուրյանից Գյումրի վերադառնալու ընթացում վարորդներից մեկին Գյումրու ոստիկանության քաղաքային բաժնից զանգահարել եւ հրավիրել են ոստիկանություն, ասելով, թե քաղմասի պետ Ա.Բիչախչյանն (փետրվարի 8-ին եւ 10-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարակից թաղամասերը պաշարելու հրաման տվողը) է հանձնարարել հրավիրել զրույցի: Ավտոերթի շուրջ 120 մասնակիցները շարժվել են դեպի Գյումրիի ոստիկանություն: Գնդապետ Բիչախչյանը դուրս է եկել ու հետաքրքրվել, թե ինչու են վարորդները հավաքվել, ժխտելով, թե ինքն է վարորդներից մեկին հրավիրել ոստիկանություն: Դրանից ի քանի րոպե անց ոստիկանությունից դուրս է եկել նշված վարորդը եւ պատմել, որ այնտեղ ոստիկաններից մեկը փորձել է իմանալ, արդյոք իրենք մասնակցելո՞ւ են փետրվարի 15-ի Տիգրան Կարապետյանի ցույցին, կամ` ամսի 18-ի ՀԱԿ հանրահավաքին Երեւանում: Վարորդը բացատրել է, թե իր եւ իր բախտակիցների պայքարը զանազան միջոցներ է ենթադրում, եւ ոչինչ բացառել չի կարող:

Իրենց իրավունքների ոտնահարումների դեմ (բողոքի ակցիաների խափանում, ոստիկանների կողմից ավտոմեքնաների առեւանգում, վարորդերին ոստիկանություն տանել եւ այլն) օպերատիվ պայքարի համար վարորդները կազմակերպել են արագ արձագանքման շտաբ, խորհրդատվության եւ իրավական աջակցության համար` հեռախոս 091 821 363:                     

Վարորդները որոշել են շարունակել պայքարը: Մասնավորապես, իշխանություններից պատշաճ արձագանք չունենալու դեպքում, առաջիկայում նախատեսում են անցկացնել «Անիլլաջ Օր»: Թե ինչ է դա նշանակում, առայժմ գաղտնի է պահվում:   

Նոյեմբերյանից, Ստեփանավանից եւ Վանաձորից ունեցած լուրերի համաձայն, այդ քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպվում ավտոմեքենաների մաքսազերծման օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների դեմ, Շիրակցի վարորդները մտադրվել են իրենց մասնակցությունը բերել այդ եւ այլ քաղաքներում կազմակերպվելիք բողոքի միջոցառումներին: