Լոռու մարզում, հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ուշ երեկոյան պայթել ու վնասվել է Նովոսելցովո-Վանաձոր 100 մմ ջրատար խողովակը, որը սպասարկում է մարզկենտրոնի խմելու ջրի մոտ 60 տոկոսը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով ջրի մեծ հոսքը շրջել է խողովակի հարեւանությամբ դրված մետաղե տաղավարը, հաստաբուն ծառ արմատախիլ արել, հենապատ փլուզել, իսկ խողովակաշարը, որն անցնում էր կամրջի տակով, պոկել-շպրտել է մի քանի մետր այն կողմ:

Դեպքից հետո տարածքում Լոռու ճանապարհային ոստիկանների կողմից տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, քանի որ ջրի մեծ հոսքը հեղեղել է միջպետական ճանապարհը:

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն անմիջապես դադարեցրել են ջրամատակարարումը, այսօր վաղ առավոտյան էլ սկսել են վթարավերականգնողական աշխատանքները: Պատահարի հետեւանքով Վանաձորի մեծ մասը երեկվանից մինչ այս պահը ջրազրկված է: