Հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։
Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:
Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում տարվում են գործընկերների նկատմամբ հարգանքի ու նրանց հետ համագործակցության սկզբունքներով: Հրապարակային հայտարարություններն էլ կազմվում են այնպես, որ նույնանման իրավիճակների համար ունենան կանխարգելիչ նշանակություն:
Հենց այս հիմնարար սկզբունքներից ելնելով էլ կազմվել եւ տարածվել է հոկտեմբերի 26-ի հայտարարությունը: Դա է նաեւ պատճառը, որ հայտարարության տեքստում չի նշվել կոնկրետ հաստատության անվանում կամ անհատականացնող այլ տվյալ:
Այնուամենայնիվ, սույն հայտարարությամբ ստիպված ենք արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին եւ վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի այս անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսեւորում:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է ահազանգի հիման վրա ս.թ. հոկտեմբերի 26-ին նշված հոգեբուժական կազմակերպություն կատարված չհայտարարված այցի ընթացքում բացահայտված դեպքը: Հայտնաբերված կոնկրետ անձն առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական պահվել է հոգեբուժարանում: Նա կարողացել է այն լքել միայն Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո:
Այս դեպքով Պաշտպանի աշխատակազմում կազմվում է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որը կներկայացվի Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ խախտման բնույթով պայմանավորված անհրաժեշտ առաջարկներով:
Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ եւ իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Հոգեբուժական կազմակերպության տնօրենի հետ այսօրվա կարճ շփումից Պաշտպանի աշխատակազմին ակնհայտ է դարձել, որ այդ դասընթացների ընթացքում նրան պետք է նաեւ բացատրել՝ ինչ իրավական կարգավիճակ ունի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենը եւ ինչ խնդիրներ են դրված այդ հաստատության առջեւ: Առանձնակի հետեւողականությամբ պետք է բացատրել՝ որն է հոգեբուժական կազմակերպությունում մարդուն հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու կարգը, որոնք են այդ մարդու իրավունքները եւ նրան հոգեբուժարանում օրինական հիմքերով պահելու դեպքերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է ցուցաբերել այս հարցում անհրաժեշտ աջակցություն։
Խիստ զգուշացնում ենք, որ նման փորձի կրկնման դեպքում կբարձրացվի հոգեբուժական նշված կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց:
Հոգեբուժական օգնության ոլորտում մարդու իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում, եւ հոգեբուժական հաստատություններ կատարվող չհայտարարված այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ:



























