Հայաստանում հեղափոխական գործընթացները ակնառու վկայեցին սահմանադրականության դեֆիցիտի մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային խորհրդաժողովի բացման ժամանակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունըյանը:
Նրա խոսքով, Հայաստանում հեղափոխության թիվ մեկ առանձնահատկությունը հեղափոխության բացարձակ խաղաղ բնույթն էր. «Կարեւոր էր նաեւ իրավիճակի համարժեք ընկալումը նախորդ ու ներկա իշխանությունների կողմից եւ համազգային տրամադրության հետ հաշվի նստելը:
Եթե Սահմանադրության բարեփոխումները չստեղծեին անհրաժեշտ նախադրյալներ խաղաղ ու սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու համար, ապա սահմանադրականության դեֆիցիտի հետագա խորացումը երկրում առավել մեծ պայթյունի կարող էր հանգեցնել՝ իր ավերիչ հետեւանքներով հանդերձ»,-ասաց նա:
Գագիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկրում սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման միջոցը կայուն, էվոլյուցիոն զարգացման հնարավորությունն է:



























