Նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչ Յակով Պալիյը, որը օգոստոսին ԱՄՆ-ից արտաքսվել էր Գերմանիա, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Spiegel ամսագրին։

«Մեղադրյալի անձի հետ կապված բոլոր պարզված (Գերմանիայի կողմից) կամ Գերմանիա արտաքսելու առնչությամբ ստացված տեղեկությունների ստուգումը չի տվել իրավաբանական կամ փաստացի առիթ քրեական գործ հարուցելու համար»,- թերթը մեջբերում է  դատախազության հայտարարությունը։

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ 2016 թվականին Վյուրցբուրգի (Բավարիա դաշնային հող) դատախազությունը կասեցրել է Պալիյի նկատմամբ քրեական գործը, որն առաջացրել էր հատկապես Գերմանիայում Հրեաների կենտրոնական խորհրդի դժգոհությունը։

Ուկրաինական ծագմամբ Յակով Պալիյը 1949 թվականին ներգաղթել էր ԱՄՆ եւ 1957 թվականին քաղաքացիություն ստացել՝ թաքցնելով իր նացիստական անցյալը։ Սակայն 2000-ականներին հայտնի է դարձել, որ նա Լեհաստանի «Տրավնիկի» համակենտրոնացման ճամբարում ռազմական հսկիչ է աշխատել եւ պատասխանատվություն է կրում 1943-ի նոյեմբերի 3-ին 6 հազար հրեաների սպանության համար։

ԱՄՆ դաշնային դատարանը 2003 թվականին զրկել է վերջինիս ԱՄՆ քաղաքացիությունից եւ 1 տարի անց արտաքսման օրդեր տվել։