Հարկային ոլորտում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հասարակության սոցիալական շերտավորման շարունակմանը։ Այս մասին նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների բյուրոյի գրասենյակի ղեկավար Սուրեն Փարսյանը։

Փորձագետի խոսքով՝ առաջարկվող բարեփոխումները փաստացի նշանակում են անցում  հավասարաչափ հարկման, մինչդեռ ներկայիս տնտեսական իրավիճակի պայմաններում առաջընթաց հարկումն ավելի ընդունելի է։ «Ներկայիս կառավարությունը, փաստորեն, շարունակում է նախկին իշխանությունների կուրսը։ Տրանսֆերտների հարկում եւ այլն՝ այս ամենը կապված է հարկային բարեփոխումների միջոցով 50 մլդ դրամի չափով բյուջեի մուտքերի անբավարարությունը փոխհատուցելու ձգտման հետ»,- նշեց Փարսյանը։

Անդրադառնալով ID- քարտերի պարտադիր ներդրման հարցին՝ փորձագետը նշեց, որ դա կարող է բերել պահանջարկի նվազման, ինչպես նաեւ հակադարձ էֆեկտի, այսինքն՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի փոխարեն, մենք կարող ենք բախվել դրա աճի հետ։