Նոյեմբերի 12-ից 16-ը Մոսկվայում անցկացվեց Հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը: Հայաստանը համաժողովին մասնակցում էր 30 հոգանոց պատվիրակությամբ,մ որի կազմում էին «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի, Հայ-ռուսական համալսարանի, Հանրային դիվանագիտության դպրոցի, Համահայկական երիտասարդական ասոցիացիայի, «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» և «Երիտասարդության հայ-ռուսական միություն» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները:
Երիտասարդական համաժողովի հնգօրյա աշխատանքային ծրագիրը ներառում էր երեք թեմատիկ քննարկման հարթակներ՝ գործարարություն, զբոսաշրջություն և կամավորություն:
Կամավորության վերաբերյալ թեմատիկ քննարկումներին «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի Հաղորդակցությունների ղեկավար Արման Տոնիկյանը ներկայացրել է որոշ առաջարկներ Հայաստանում կամավորության զարգացման վերաբերյալ. նա առաջին հերթին կարևորել է կամավորի դրական կերպարի ու վերջինիս դերի կարևորության տարածումը երիտասարդների և պատանիների շրջանում, ինչպես նաև պետության կողմից վարվող երիտասարդական քաղաքականության մեջ կամավորության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը:
Նշենք, որ 2018-ը Ռուսաստանում հայտարարված է Կամավորության տարի և ս.թ. դեկտեմբերի 2-ից 5-ը Մոսկվայում կկայանա Կամավորների միջազգային համաժողովը։
Հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովի շրջանակում մասնակիցներն այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Վարդան Տողանյանը երիտասարդներին նվիրել է վերջերս տպագրված «Մոսկվայի հայկական գանձարանը» գիրքը։
































