Արդեն զզվել եմ Թուրքիայից: Այսպես է գրում Արտաքին գործերի խորհրդի (Council on Foreign Relations) արևելագետ Ստիվեն Քուքը: Եվ նրա կարծիքով` բազմաթիվ ամերիկացիներ նույն կերպ են մտածում:
Մինչդեռ Վաշինգթոնում, Պենտագոնում, Սպիտակ տանը եւ կոնգրեսական գրասենյակներում շարունակում են Թուրքիան դիտարկել` որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից:
Թղթի վրա, ըստ հեղինակի, Թուրքիան լավ տեսք ունի. այն Ամերկայի արտաքին քաղաքականության համար կարևոր մի շարք կենտրոնների մեջտեղում է, ՆԱՏՕ-ի անդամ է, կայուն է և կարող է արտաքին գործընկերների հետ օդային պաշտպանության և հետախուզության ոլորտներում համագործակցել: Նախկինում հեղինակը մտածում էր, թե այդ բոլորը կարևոր կետեր են, սակայն այժմ կարծում է, որ դրանց կարևորությունը չափազանցված է, և նույն բաները կարելի է գտնել նաև այլուր:
Արևելագետի կարծիքով` ժամանակն է վերագնահատել, թե ինչ է նշանակում Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցություն: Երբ Դոնալդ Թրամփը դարձավ նախագահ, շատերը կարծում էին, որ Թուրքիան կմտերմանա նրա հետ: Թրամփն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպեցին 2016-ի հուլիսին ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպմանը և միմյանց մասին բավական ջերմ արտահայտվեցին:
Մինչդեռ թուրք-ամերիկյան հարաբերությունները, հեղինակի համոզմամբ, խիստ լարված են Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի հարցում, Թուրքիայում ամերիկացիների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև Փենսիլվանիայի բնակիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցում, որին թուրքերը մեղադրում են 2016-ին Էրդողանի դեմ իրականացված հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
«Երբ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին թուրքերն անցյալ ամիս ազատ արձակեցին, Թրամփը, չնայած մինչ այդ եղած լեզվակռվին և թուրք պաշտոնյաների դեմ սահմանած պատժամիջոցներին, թվիթերյան հրապարակումով գրեց, որ անհամբեր սպասում է Թուրքիայի հետ լավ, և գուցե նույնիսկ հիանալի հարաբերությունների: Հիրավի, Թրամփը մտածում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու մասին, սակայն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին Թուրքիայի կաթիլ-կաթիլ արված բացահայտումները, կարծես, Թրամփի դեպքում արդյունք չեն տվել, քանի որ վերջինս սաուդցիներին հավատարիմ է մնում», - գրում է հեղինակը:
Արևելագետը կարծում է, որ անկախ Թրամփի դիքորոշումից, ակհայտ է, որ Թուրքիան այն գործընկերը չէ, որի մասին ամերիկացիները երազել են: Թուրքիան աշխարհում լրագրողների, մտավորականների, գիտնականների, դատավորների առաջատար բանտարկողն է. 2016-ից ի վեր հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ավելի քան 200,000 մարդ է ձերբակալվել: Եվ նախկինում ամուր ժողովրդավարության հույսեր արթնացնող այս երկիրն այժմ դարձել է ընտրովի ավտոկրատիա` առանց զսպումների և հակակշիռների որևէ մեխանիզմի:
Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան, հեղինակի խոսքով, Ռուսաստանից նոր հակաօդային պաշտպանության համակարգեր է գնում, որոնք կարող են սպառնալիք լինել ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար: Չնայած ֆորմալ առումով Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, սակայն Էրդողանը սպառնացել է հարվածել ամերիկյան ուժերին Սիրիայում և ռազմարշավ է իրականացրել Վաշինգթոնի դաշնակիցների` սիրիական-քրդական ուժերի դեմ:
Երբ ԱՄՆ-ն Օբամայի օրոք փորձում էր ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը, Թուրքիան իրանցիներին աջակցություն էր ցուցաբերում: Եվ անկախ նրանից, թե որքանով է Թրամփի` ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումն ընդունելի, թուրքերն այստեղ էլ են անպատասխանատու քայլեր անում: Էրդողանի համախոհների լրատվամիջոցներն էլ հակաամերիկյան, հակասեմական և դավադիր քարոզարշավ են իրականացնում:
Արևելագետը գրում է, որ որքան էլ Թուրքիայի մասին վերամբարձ արտահայտություններ հնչեցնեն, այն այսօր ռազմավարական գործընկեր կամ դաշնակից չէ, և Անկարայի ու ԱՄՆ-ի շահերը չեն համընկնում:
Հեղինակը չի առաջարկում խզել Թուրքիայի հետ ունեցած բոլոր կապերը, քանի որ դրանք կարող են ԱՄՆ-ին որոշ դեպքերում խիստ անհրաժեշտ լինել. օրինակ` Աֆղանստանում կամ Սև ծովում ռուսական ուժերին հակազդելու համար։ Սակայն այդպիսի համընկնումները տևական բնույթ չեն կարող ունենալ, քանի որ երկրները կանգնած չեն ընդհանուր սպառնալիքի առջև, ներքին քաղաքականության փոփոխություններն էլ հանգեցնում են արտաքին քաղաքականության մեջ էական տեղաշարժերի:
«Էրդողանը հաճախ է իր համախոհներին ասում, որ աշխարհը հինգից ավելի մեծ է` նկատի ունենալով ԱԽ-ի 5 հիմնական անդամներին: Թուրքիան ակնհայտորեն մեծ նպատակներ ունի և ցանկանում է սեղանի շուրջ նստել, և ոչ թե պարզապես ուտելիքից օգտվել…Սակայն քանի դեռ դա անում է Վաշինգթոնի հաշվին, ապա վերջինս որևէ պատճառ չունի պաշտպանելու գոյություն չունեցող ռազմավարական հարաբերությունները»,- եզրափակում է արևելագետը:





























