Դեկտեմբերի 2–ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի  իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին տեղափոխել Հայաստանի  Հանրապետության  իրավազորության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը: Նշենք, որ կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 23-ամյա պայմանագրային զինծառայող Ա․ Ռ․-ն նեկայումս գտնվում է ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում, որտեղ մինչ դեպքը նա վարորդ-մեխանիկ էր աշխատում։

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել էր 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է դեկտեմբերի 11-ին վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի եւ ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ։

Դատախազությունը վկայակոչելով հայ–ռուսական միջպետական համաձայնագիրը, նշել էր, որ ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը:

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել  ենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի: