Թուրքիայի Հաքքարիի շրջանում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների բախման ժամանակ զոհված քուրդ կին զինյալի թաղման արարողությունը Վանում վերածվեց բազմահազարանոց հանրահավաքի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Habervakti կայքէջը։

Թուրքական զինված ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ Հաքքարիի Չուքուրջայի շրջանում իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ զոհվել էր ծնունդով Վան քաղաքից կին քուրդ զինյալ Ալիյե Թիմուրը։ Քուրդ կնոջ դին Վանի կենտրոնական մզկիթի մոտից քուրդ կանայք իրենց ուսերի վրա տարել են մինչեւ գերեզմանոց։ Թաղման արարողության ժամանակ մասնակիցները բացականչել են PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) եւ Իմրալի կղզում ցմահ դատապարտված քրդերի առաջնորդ համարվող Աբդուլահ Օջալանի անունները։ Թաղմանը մասնակցել է Թուրքիայի խորհրդարանում 22 տեղ ունեցող քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության Վանից ընտրված պատգամավոր Ուզդալ Ուչերը, Ֆաթմա Քուրթուլան, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան եւ քրդական կուսակցության այլ անդամներ։

Թաղման արարողության ժամանակ քրդերենով ելույթ է ունեցել քրդական կուսակցության Վանի նահանգային կառույցի ղեկավար Սելիմ Էրտաշը եւ պատգամավոր Ուզդալ Ուչերը, ով ասել է, որ պետության կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը՝ քրդերին խաբելու նախաձեռնություն է։ Նա նշել է, որ թուրքական պետությունը ասում է, որ քրդերին կխաբենք եւ իրենց երեխաներին կսպանենք։ Թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորը նշել է, որ իրենք դա թույլ չեն տալու։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական զինված ուժերը սեպտեմբերի 8-ից Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ են սկսել, որի ժամանակ երկու կողմից էլ եղել են զոհեր։