Այսօր` սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացման կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին` Ն. Նալբանդյանն ասել է, որ Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացումը Երեւանում լուրջ խթան կհանդիսանա հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Նա գոհունակությամբ նշել է, որ մեկ տարի առաջ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվուծությունը Հայաստանում շվեյցարական լիարժեք դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ ի կատար է ածվում, եւ գործընթացի առաջին քայլն է դեսպանության գրասենյակի բացումը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնին ամենահայտնի հայի` Շառլ Ազնավուրի նշանակումը եւս մեկ նշան է այն կարեւորության, որ Հայաստանը տալիս է Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացմանը:
Դեսպան Ամբերգն իր հերթին, Ն. Նալբանդյանին ներկայացնելով գրասենյակի ղեկավար Կոնստանին Օբոլենսկուն` վստահեցրել է, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ համագործակցության համակողմանի խորացման նպատակով: Նույն օրը երեկոյան Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի բացման կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:




























