Պարտավո՞ր են արդյոք տնտեսական գործունեություն չիրականացնող անձինք վճարել այն նույն հարկերը, ինչ վճարում են գործարարները։ Այս հարցը առավել սրությամբ ծագեց, երբ կառավարությունը ստիպեց վրացական համարանիշներով մեքենաների սեփականատերերին՝ ներմուծված մեքենաների մաքսազերծումն իրականացնել «ողջ ծավալով»՝ այսինքն՝ վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, 10 տոկոս մաքսատուրք, մաքսավճար ու բնապահպանական վճարներ։
Ավտոմեքենան ներմուծվում է տարբեր նպատակներով. մեկը ներմուծում է հետագայում վերավաճառելու ու շահույթ ստանալու, մյուսը՝ պարզապես անձնական նպատակներով օգտագործելու համար։ Հետեւաբար՝ արդարացի չէ, որ այդ երկուսը նույնատեսակ հարկեր վճարեն:
Փորձենք հարկային օրենսդրության միջոցով պարզել, թե որքանո՞վ օրինաչափ է կառավարության մոտեցումը՝ հավասարություն դնել բոլոր ներմուծողների միջեւ։
Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 2-րդ հոդվածի առաջին իսկ նախադասությունը հստակ սահմանում է, որ հարկ վճարող են ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնոց անձինք։ Սա կարեւորագույն, հիմնարար սկզբունք է, բխում է ԱԱՀ-ի բուն էությունից՝ սա բացառապես բիզնես-հարկատեսակ է։
Այնուհետեւ օրենքը որոշ չափով նահանջում է նշված սկզբունքից։ Նույն հոդվածի վերջին նախադասությունը փաստում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը վճարում է ԱԱՀ ապրանքներ ներմուծելիս, եթե ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափը։ Սա հասկանալի մոտեցում է՝ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում է ցանկացած ոք, ու շատերը իսկապես էլ հարկ չեն համարում օրինականացնել իրենց գործունեությունը։
Սակայն խնդիրն այն է, որ հետագայում այդ «օրենքով սահմանված չափը» չի հստակեցվում; Ստացվել է, որ «ներմուծում ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքները պարտադիր հարկվում են, ինչից էլ օգտվում է կառավարությունը՝ ստիպելով բոլորին ավտոմեքենաները մաքսազերծել այդ ռեժիմով։
Գործնականում՝ ունենք օրենքի թերություն ու անկատարություն, ինչ-որ առումով՝ նաեւ երկիմաստություն ու հակասական դրույթներ։
Սակայն նշենք, որ հարկերի մասին մեկ այլ օրենքով՝ եթե տարբեր հոդվածների միջեւ առկա են տարընթերցումներ եւ հակասություններ, ապա օրենքը կիրառվում է հօգուտ վճարողի։
Հավելենք նաեւ, որ ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 7-րդ հոդվածով՝ անձնական օգտագործման իրերի ներմուծումը ԱԱՀ-ով չի հարկվում; Ի դեպ՝ պետեկամուտների կոմիտեն այս կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում հղում է արել Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածին։ Ըստ վերջինիս՝ «անձնական օգտագործման իր» են հանդիսանում հետեւյալ ապրանքները.
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին:
Սակայն ՊԵԿ-ի այդ պարզաբանումը ընդունելի չէ հետեւյալ պատճառով. մաքսային օրենսգիրքը կարգավորում է մաքսատուրքերի վճարման կարգը, ոչ թե ավելացված արժեքի հարկի։
Այսպիսով՝ անձնական օգտագործման նպատակներով Հայաստան ներմուծված ավտոմեքենաների հարկման կարգը օրենքով լիարժեք չի կարգավորվում։ Հետեւաբար՝ կառավարության պահանջները այս առումով անօրինական են։
Սամվել Ավագյան



























