Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը միտված էր պատերազմը կանխելու միջոցառումներ փնտրելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 7-ին հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նա նշեց, որ Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո պրոցեսը օդում կախված էր մնացել, իսկ Սոչիի հանդիպումով պրեցեսը կրկին ընթացքի մեջ դրվեց:
Անդրադառնալով երեք նախագահների հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթին, Սարգսյանը նշեց, որ դրանում միակ նորությունն այս է` «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Իսկ ընդհանուր առմամբ հանդիպումը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը գնահատեց որպես «Բոյեվայա նիչյա»:
Ասուլիսին ներկա մեկ այլ փորձագետ` Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սոչիի հանդիպումը հերթական բնույթ ուներ: Այդ հանդիպման առանձնահատկությունն, ըստ նրա, այն էր, որ Ադրբեջանը, թեկուզ ձեւականորեն, բայց իր վրա վերցրեց պարտավորություն` «շփման գոտում մի քիչ ավելի զուսպ քայլեր իրականացնելու համար»:
Հարցին, թե հանդիպումից հետո ո՞ր կողմը շահող դուրս եկավ, Մինասյանն արձագանքեց, թե Ադրբեջանը վերջին տարիներին եւ հայ-թուրքական գործընթացից հետո ուժեղացրել է իր ռազմական հռետորաբանությունը եւ դա օգտագործել որպես ռեսուրս: Սակայն, ստորագրելով Սոչիի հայտարարությունը, Ադրբեջանը հարվածեց իր հեղինակությանը: «Եթե դու հայտարարում ես, որ կսկսեմ պատերազմ, սակայն չես սկսում եւ անգամ քո վրա վերցնում ես որոշ, թեկուզ եւ մակերեսային պարտավորություններ` շարունակելու խաղաղ բանակցային գործընթացը, դա առաջին հերթին ազդում է քո հեղինակության եւ ներքաղաքական դաշտի վրա»,-հայտարարեց Մինասյանը: Նա նաեւ առաջարկեց լինել իրատես եւ Սոչիի հայտարարությունը չհամարել որպես դիվանագիտական մեծ հաղթանակ: Քաղաքագետը նշեց, որ Սոչիի հանդիպումից իր սպասումներն ավելի էին, որոնք վերաբերում էին շփման գծից դիպուկահարների հետ քաշմանը: Եթե դա տեղի ունենար, դա կլիներ տեսանելի զիջում Ադրբեջանի կողմից: «Սակայն ե’ւ Հայաստանի, ե’ւ Ռուսաստանի նախագահները հասկանում են, որ ստեղծված իրավիճակում բանակցությունները խաղաղությամբ շարունակելու մասին պայմանավորվածությունը մաքսիմումն էր, ինչը կարելի էր ստանալ Ադրբեջանից»,-նշեց փորձագետը:




























