Սուդանական բանակը երկուշաբթի օրը ավտոմեքենաների եւ հետիոտների համար փակել է Խարթումի գլխավոր փողոցը, որը տանում է դեպի նախագահական պալատ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնում էին, որ մայրաքաղաք Խարթումի տարբեր շրջանների մի քանի հազար բնակիչներ գնում են դեպի քաղաքի գլխավոր փողոց, որտեղ տեղակայված է բանակի գլխավոր շտաբի շենքը։

Սուդանի ՆԳՆ-ն ավելի վաղ հաստատել էր շաբաթ եւ կիրակի օրերի ցույցերի ժամանակ յոթ մարդու մահվան լուրը աֆրիկյան այդ երկրում, որտեղ մի քանի ամիս հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները պահանջում են արդեն 30 տարի երկիրը ղեկավարող նախագահ Օմար Ալ Բաշիրի հրաժարականը։

Սուդանում բողոքները շարունակվում են 2018թ․ դեկտեմբերից։ Անկարգությունները բռնկվել են հացի եւ այլ ապրանքների գների աճի պատճառով, ինչը ավելի է խորացրել սուդանցիների աղքատությունը։

Դեռեւս հունվարի վերջին հայտնում էին, որ բողոքի ցույցերի ընթացքում Սուդանում զոհվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկացվում է նաեւ 200 տուժածների մասին։