Ադրբեջանցի պաշտոնյաների համար փախստականների թեման «հաղթաթղթերի» թվում է: Լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են վերամբարձ հայտարարություններ փախստականների «հոգածության» մասին, եւ ոչ պակաս պարբերականությամբ՝ հրապարակումներ սեփական հայրենիքում փախստականների կյանքի սոսկալի պայմանների մասին:
Այդպիսի հայտարարություններից մեկը ապրիլի 12-ին արել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը: Պաշտոնյայի խոսքով՝ «ադրբեջանական պետությունը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում հարկադրյալ վերաբնակներին, նրանց համար նոր բնակելի համալիրներ է կառուցում, եւ այս աշխատանքը շարունակական է...»:
Ադրբեջանի կառավարությունն իրականում նման հայտարարություններով խաբում է միջազգային հանրությանը եւ շահավետ լույսի ներքո ներկայանում որպես պետություն, որն անդուլ կերպով լուծում է փախստականների տեղավորման խնդիրները: Իսկ իրականում իրավիճակը միանգամայն այլ է:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում փախստականներն ամենախոցելի հատվածն են: Այսպես՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում եւ մյուս մեծ քաղաքներում հարկադրյալ վերաբնակեցված անձանց տեղավորել են պետական շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ուսանողական հանրակացարաններում: Ասիական զարգացման բանկի տվյալներով՝ փախստականներն Ադրբեջանում ամենաընչազուրկ խմբերն են, եւ այդպիսին լինելով՝ աղքատության կրճատման ծրագրում դիտարկվում են որպես հատուկ ուշադրության կարիք ունեցող առաջնահերթ խումբ: Ներկայումս փախստականները շարունակում են տառապել ջրամատակարարման եւ կոյուղու համակարգի բացակայությունից, ինչպես նաեւ անհամարժեք բուժսպասարկումից եւ կրթությունից: ՄԱԿ գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ուոլթեր Քելինը ուշադրություն է դարձրել այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրների չափերի վրա: Նա հայտարարել է. «...ադրբեջանցի տասնյակ հազարավոր հարկադրյալ վերաբնակներ շարունակում են ապրել լքված, չափազանց նեղ եւ մեծապես հակասանիտարական կոլեկտիվ բնակավայրերում»:
Նաեւ դեպքեր են նշվել, երբ հարկադրյալ վերաբնակների խումբը Փախստականների եւ հարկադրյալ վերաբնակների գործերով պետական կոմիտեի եւ Ադրբեջանի Տրանսպորտի նախարարության շրջանում փակել է Բաքվում Թբիլիսյան պողոտան: Ցույցը կապված էր բնակարանների չլուծված խնդիրների հետ: Ցուցարարների զայրույթն էր հարուցել այն, որ Փախստականների եւ հարկադրյալ վերաբնակների գործերով պետական կոմիտեն բնակարաններ էր բաշխել հերթից դուրս, եւ սա այն դեպքում, երբ մարդիկ արդեն երրորդ տասնամյակն է բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում: Փախստականների խոսքով՝ մարդիկ, որոնք ամենեւին փախստական չեն համարվում, բնակարանի համար որոշակի գումար էին վճարել (3-5 հազար մանաթ) եւ այդպիսով դարձել 2-3 սենյականոց բնակարանների տեր:
Երկրի իշխանությունները հայտարարում են, որ վերջին 20 տարում 6 մլրդ դոլար են ուղղել մարդկանց սոցիալական խնդիրների լուծման համար, որոնք փախստական են դարձել հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով:
Ադրբեջանի բնակիչների կողմից փախստականների ընկալումը կախված է նրանց կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններից, անցյալում եւ ներկայումս նրանց բարեկեցությունից: Վատթարացող նյութական վիճակը լուրջ խնդիր է ստեղծում փախստականների դրական ընկալման համար: Ադրբեջանին օտար է առողջ ազգայնականությունը, ժողովրդավարության նրանց տարբերակն այնքան էլ ազատական չէ, իսկ բնակչությունը միաբանորեն դեմ է փախստականներին ընդունելուն:
«Բեռ», «ուտիճներ», «արշավանք», «հորդա», «կատաղի շներ». հենց այսպես են հարկադրյալ փախստականների մասին արտահայտվում ժամանակակից Ադրբեջանի ներկայացուցիչները։ Այս խոսքերն օգտագործվում են փախստականներին էլ ավելի շատ մարդկային կերպարանքից զրկելու համար եւ մտել են քաղաքական ոչ պաշտոնական հայտարարությունների մեջ՝ նպաստելով մեկուսացման մթնոլորտին միգրանտների հանդեպ։ Միգրանտների վիճակի մասին տարածվող ոչ ճիշտ պատկերացումները նպաստում են նախապաշարմունքներին եւ այլատյաց պոպուլիզմի աճին, որը հաճախ հրահրվում է քաղաքական առաջնորդների եւ ԶԼՄ-ների կողմից, որոնք փախստականների հանդեպ սադրանքներն ու ատելությունն օգտագործում են հանուն քաղաքական շահի։ Փախստականների հանդեպ նման վերաբերմունքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության շրջանակում եւ հայտարարությունները ազդանշան են առ այն, որ փախստականները չունեն ոչ իրավունքներ, ոչ տեղ հասարակությունում։ Արդյունքում՝ որոշ փախստականներ երկյուղում են ճնշումներից՝ անգամ պարզապես հանրային վայրերում գտնվելով, խուսափում են օգնության դիմելուց եւ ստիպված են ենթարկվել խտրականության՝ առանց արդարության հասնելու հնարավորության։
Վերոնշյալ փաստարկները թույլ են տալիս անել հետեւյալ եզրահանգումները. 1. տեղի բնակչության վերաբերմունքը փախստականների՝ «օտարների» հանդեպ բնութագրվում է հանդուրժողության ոչ բարձր մակարդակով, 2. Ադրբեջանում միգրանտների հանդեպ ատելության հիմնական պատճառներն են խեղաթյուրված պատկերացումները միգրանտների մասին՝ նրանց կրթության մակարդակի, ծննդավայրի, զբաղմունքի տեսակի մասին եւ այլն, 3. միգրանտների հանդեպ ատելությունը քաղաքային բնակչության շրջանում ունի վառ արտահայտված էթնիկ հիմք, 4. զանգվածային գիտակցության մեջ փախստականի կերպարը ամուր կապված է այն բանի հետ, որ քաղաք եկածները նպատակ ունեն հարստանալ, զբաղվել քրեական գործերով, մուրացկանությամբ, աղքատությամբ, կեղտ, հիվանդություններ, այլասերություն տարածելով եւ այլն։
Այնպես որ, ադրբեջանական «խաղաղասեր» հասարակությունը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի՝ հասկանալու համար, թե ինչ է հանդուրժողականությունը։
Րաֆֆի Սամվելյան





























