ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 1,5 միլիարդ դոլար է հատկացրել այն  միջոցներից, որոնք նախատեսված էին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի, ինչպես նաեւ  հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռների արդիականացման ծրագրերի ֆինանսավորման համար:

Այս մասին հաղորդում է «The Washington Post» թերթը,  որի տրամադրության տակ են հայտնվել Պենտագոնի համապատասխան փաստաթղթերը:

Հատկացված միջոցները կուղղվեն մոտ 130 կմ պատի կառուցմանը, դրանք ներառված  են թմրամիջոցների դեմ պայքարի ծախսերի հոդվածում: Նախարարությունը նշել է, որ միջոցների փոխանցումը բացասական ազդեցություն չի ունենա մարտական պատրաստության վրա:

Ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները խոստովանել էին, որ այդ գումարները կարող էին ուղղվել այլ ռազմական նախագծերի համար, որոնք ֆինանսավորման կարիք ունեն հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը բազմիցս  հայտարարել է Minuteman III- ի արդիականացման անհրաժեշտության մաիսն` նրա հնացած ցամաքային ենթակառուցվածքների պատճառով:

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կառավարման կենտրոնի արդիականացման ծրագիրը մի փոքր ուշանում է, դրա համար Պենտագոնը հատկացված միջոցների մի մասը փոխանցում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կատարելագործման ծրագրին:

Ընդ որում փաստաթղթում նաեւ նշվում է, որ տեխնիկայի մշակումը մի փոքր ուշանում է, ինչը թույլ է տալիս կրճատել ծրագրի բյուջեն:

Պենտագոնը նաեւ ուղղում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչության մասնակցությամբ  տիեզերական փորձարկումների համար նախատեսված գումարները: Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ պաշտպանության նախարարությունը պատի կառուցման համար օգտագործում է այն միջոցները, որոնք պետք է ուղղվեին Աֆղանստանում գործողությունների ֆինանսավորումը:

Փաստաթղթում չի նշվում, թե հատկապես որքան փող է յուրաքանչյուր ծրագրից վերաբաշխվել։ Բացի 1,5 մլրդ դոլարից, Պենտագոնը պատի շինարարության համար կհատկացնի եւս մոտավորապես 4,6 մլրդ դոլար ռազմական օբյեկտների շինարարության ծախսերի գծով։ Ամերիկյան կառավարության այս քայլը առաջ է բերել Կոնգրեսի դեմոկրատների դժգոհությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, դա թույլ կտա պետության ղեկավարին, մասնավորապես, կուտակել ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ դոլար։ ԱՄՆ վարչակազմը մտադիր է ծախսել նշված բոլոր միջոցները Մեքսիկայի հետ 376,5 կիլոմետր երկարությամբ պատնեշ կառուցելու կամ նորոգելու համար։ Կառավարությունը կարծում է, որ դա կօգնի իշխանություններին կասեցնել անլեգալ ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը։