ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը այսօր ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ներկայացրեց «արտահանման խթանում եւ արտահանման ընթացակարգերի պարզեցում» անվանումը կրող ծրագիրը, որը, ըստ էության վերաբերում էր գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես պանրի եւ ձկնեղենի արտահանման խթանմանը:
Այդ խթանումը, ըստ Ա. Ղարիբյանի, պետք է լինի գյուղացու եւ իրացնողի միջեւ միջանկյալ օղակի ստեղծման միջոցով, որը գյուղացու համար գրավիչ կդարձնի արտադրությունը: NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ միջին օղակը, արդյոք դա լինելու է պետական ընկերություն, որը գյուղացուց գնելու է ապրանքը եւ տանի հասցնի դրսի սպառողին, վարչապետի խորհրդականը պատասխանեց, որ դա կարող է լինել եւ մասվնավոր եւ պետական մասնակցությամբ ընկերությունը, որը պետք է խթանի արտահանումը, ներդրումներ կատարելով: «Պետությունը, սակայն պետք է հստակ ասի, թե երբ է մտնում ոլորտ եւ երբ է դուրս գալու: Ինչքան շուտ դուրս գա, այնքան լավ»,- ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ է գյուղատնտեսության նման ռիսկային ոլորտի խթանումը տեղավորվում վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը պետք է գիտելիքահեն լինի, Ա. Ղարիբյանն ասաց, որ գիտելիքահեն ոլորտները եւս կարեւոր են, բայց հիմա ինքը կպատասխանի միայն գյուղատնտեսությանը վերաբերող հարցերին:
Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, նա նշեց. «Որքան դիվերսիֆիկացված գյուղատնտեսություն ունենանք, այնքան կնվազեցնենք ռիսկերը: Գյուղատնտեսությունը նույնքանով է ռիսկային, որքան մյուս երկրներում»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու է ընտրվել ձկնարդյունաբերության ոլորտը խթանումը, եթե այդտեղ Հայաստանն ունի ընդամենը մի քանի արտադրողներ, իսկ ձկների քանակն էլ էապես կրճատվել է: Այս առնչությամբ վարչապետի խորհրդականն ասաց, որ այդ ոլորտում ներգրավված են 20 ընկերություններ: «Հիմա մոտավորապես արտահանվում է 5 հազար տոննա ձկնեղեն, բայց դա հնարավոր է 10-20 անգամ մեծացնել, քանի որ երբ մենք դրսում իրացման հնարավորություններ ենք ստեղծում, այդ ծավալները շատ էլաստիկ են եւ կարող են մեծանալ»:




























