Թերթն անդրադարձել է արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի շուրջ վերջին շրջանում ընթացող զարգացումներին: Հոդվածը ձեզ ենք ներկայացնում մասնակի կրճատումներով:
«Երեկվա լրահոսում բացարձակապես ոչ մի տեղեկություն չկար այն մասին, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «Բենթլին», իսկ գործարքից գոյացած հասույթն էլ նվիրաբերել որեւէ մանկատան, ծերանոցի կամ հատկացրել որեւէ դպրոցի, եկեղեցու վերանորոգման համար։
Չկար նման տեղեկություն։ Հետեւաբար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դեռ հանգիստ ու միգուցե երանությամբ օգտվում է դույն «Բենթլի» ավտոմեքենայից։ Փաստ, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է մամուլում։
Փոխարենը երեկ մեկ այլ փաստ հայտնի դարձավ։ Հետաքննող լրագրողները պարզել են, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նաեւ զենք ունի. վարչապետից նվեր ստացած մարտական ատրճանակ (հրազեն), որ պահում է չհրկիզվող պահարանում։ Ըստ «Հետք»-ի հրապարակման, Արարատյան Հայրապետական թեմից, նախ, ասել են, թե ոչ մի զենք էլ չկա, բայց հետո, երբ ներկայացվել են հակառակի մասին վկայող փաստաթղթեր, ընդունել են այդ տարօրինակ «պարգեւի» գոյության փաստը։
Ի դեպ, նույն Նավասարդ արքեպիսկոպոսը, արձագանքելով «Բենթլիի» վերաբերյալ հրապարակումներին, հայտարարել էր, թե այդ մեքենան իր սանիկներից մեկն է նվիրել։
Վատ չէ՝ վարչապետն ատրճանակ է նվիրել, սանիկը՝ «Բենթլի»։ Շատ զորավոր սանիկ է, ի դեպ, այդ նվիրատվություն անողը, պետք է նկատել, որովհետեւ նշված մակնիշի մեքենան՝ «Բենթլին» ոչ թե փոխադրամիջոց է, այլ շքեղություն։ Ավելին՝ այն զեխության, ցոփության ու շվայտության յուրօրինակ խորհրդանիշ է համարվում։ Խորհրդանիշ, որով իրենց վիճակն ու «հնարավորությունները» սիրում են ցուցադրել օլիգարխները կամ մաֆիայի «կնքահայրերը»։
Իսկ ի՞նչ է ուզում իր «Բենթլիով» ընդգծել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Վախենանք, դա Աստծուն էլ է անհայտ։
…Ոմանք, ի դեպ, այս առնչությամբ եղած քննադատական այլ հրապարակումներին արձագանքելով՝ նշում են, թե այդպիսով իբր մամուլը նպաստում է «աղանդավորների տարածմանը»։ Ավելի անհեթեթ ու դեմագոգիկ դատողություն անհնար էր հորինել։ Եվ այդ «դիտարկման» առնչությամբ ընդամենը մեկ հակադարձ դիտարկում կարելի է անել. «բենթլիներով» աչքի ընկնող անգամ մեկ հոգեւորականի անժուժկալ վարքը տասն անգամ ավելի շատ է նպաստում քայքայիչ աղանդների տարածմանը, քան աղանդավորական 100 հոգեորսիչ ֆանատիկ։
Այսինքն՝ եթե այդպիսի անժուժկալ հոգեւոր հայրեր լինեն, ոչ մի աղանդավոր էլ պետք չէ մարդկանց Հայ Առաքելական եկեղեցուց վանելու համար»։





























