«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն բավական լավ է զգում, գիշերը լավ է քնել եւ կայտառ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։ «Վաղ առավոտյան անգամ փորձում էր մամուլի հետ ծանոթանալ»,- պատմեց նա։

Հետաքրքրվեցինք՝ մտադիր չէ՞ արդյոք Հովհաննիսյանը դադարեցնել իր կողմից հայտարարված հացադուլը, ինչին ի պատասխան Սաֆարյանն ասաց, որ նա դեռեւս նման մտադրություն  չունի եւ շարունակելու է այն։  

Հարցին, թե այցելե՞լ է վերջապես Հայաստանի նախագահի ներկայացուցիչը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին թե ոչ (նախագահականից այս լուրը հերքում են), Սաֆարյանը նկատեց. «Եղած բանը հերքելը նախագահականի խնդիրն է։ Ես անձամբ մասնակից եւ ականատես եմ եղել, թե իչպես նախագահականի համարներով մի մեքենա կասկածելի ձեւով մտավ Ազատության հրապարակ, եւ դրանից իջած երիտասարդը Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացավ որպես նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի ներկայացուցիչ։ Ես ինքս եմ տեսել թե ավտոմեքենայի, թե բանագնացի մոտենալը»,- ավելացրեց պատգամավորը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել մարտի 14-ից  եւ Ազատության հրապարակում է արդեն 12-րդ օրը։ Նա նշել է, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը կդիմանա։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի