Այս տարվա մայիսին Վրաստան կայցելեն լատվիացի գործարարները, որոնք հետաքրքրված են Վրաստանում ներդրումներ կատարելով: Այս մասին, ըստ  վրացական «Պիրվելի» գործակալության, հայտարարել է Լատվիայում Վրաստանի դեսպան Կոնստանտինե Կորկելիան:

«Լատվիայի եւ Վրաստանի գործընկերության հիմնական եւ ամենակարեւոր խնդիրը զբոսաշրջությունն է: Մեր երկրները մեծ չեն, սակայն կարող են հպարտանալ իրենց մշակույթով, ավանդույթներով եւ յուրահատուկ բնությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում, գրավել տուրիստների ուշադրությունը:

Բազմաթիվ վրացիներ հանգստանում են Ռիգայում, իսկ լատվիացիներն էլ, իրենց հերթին, մեծ հետաքրքրություն ունեն Վրաստանի նկատմամբ: Արդեն քանի տարի է, ինչ նրանք Վրաստան են այցելում առանց վիզայի»,-ընդգծել  է դեսպանը:

Նշենք նաեւ, որ Լատվիա արտահանվող հանքային ջրերի մեջ առաջին տեղը գրավում է վրացական «Բորժոմին»: