Թերթը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

Դիտարկմանը, թե շատերը Տեր-Պետրոսյանին մեղադրում են Ազատության հրապարակը «գրավելուց» հետո վճռական գործողությունների չդիմելու համար։ Անգամ խոսում են իշխանություն-ընդդիմություն գործարքի, դավադրության մասին, Իսկանդարյանը պատասխանել է. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի սեղանի տակ նստած չեմ եղել եւ չեմ կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին։ Բայց այդ վարկածը խիստ անհավանական եմ համարում։ Ընդհանրապես դավադրությունների տեսության կողմնակից չեմ։ Չեմ էլ կարծում, թե Լ.Տեր-Պետրոսյանը եւ Ս.Սարգսյանը պայմանավորվելու խնդիր ունեին. իրավիճակը թելադրում է իր տրամաբանությունը»։

Ըստ Իսկանդարյանի` ստեղծված իրավիճակում կարելի էր անել այն, ինչ արեց Լ.Տեր-Պետրոսյանը։ «Այն է` պահել լարվածությունը` պահպանելով արմատական հռետորաբանությունը, թույլ չտալ, որ «կրակը» հանգի, եւ հարկ եղած դեպքում գնալ արմատական քայլերի։ Որպեսզի մարդիկ շարունակեն գալ այդ հանրահավաքներին, պետք է արձանագրել ինչ-որ հաղթանակներ։

Օրինակ, հայտարարել, որ իշխանությունը տեղի տվեց ընդդիմության ճնշմանը եւ «զիջեց» Ազատության հրապարակը, միաժամանակ որոշ կառուցողականություն դրսեւորել, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Սա մի ռազմավարություն է»,- նշել է քաղաքագետն ու հավելել. «Կարելի է ավելի արմատական գործելաոճ որդեգրել` գործել այնպես, ինչպես 2008թ. փետրվարի 19-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Սա բոլորովին այլ ռազմավարություն է ենթադրում։

Պե՞տք էր արդյոք, կարելի՞ էր գնալ այդ ճանապարհով։ Տեսականորեն` գուցե կարելի էր։ Այլ բան է, թե ինչպիսին կլիներ հակազդեցությունը, ինչպես կզարգանային իրադարձությունները, եւ ինչ կշահեր նույն ընդդիմությունը, եթե մի անգամ էլ «ծեծ ուտեր»` չհասնելով իր նպատակին։

Ընտրությունը քաղաքական գործիչներինն է, եւ, դատելով ամենից, այս անգամ Լ.Տեր-Պետրոսյանը ընտրել է բախումնային իրավիճակներից խուսափելու ճանապարհը»։