Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով Հայաստան են ժամանել Ժնեւի Գրքի եւ մամուլի միջազգային ցուցահանդեսի պատասխանատուները եւ մի խումբ շվեյցարացի լրագրողներ: Նրանք կծանոթանան հայկական հին եւ նորօրյա մշակույթին, կշփվեն այդ մշակույթը պահպանողների ու կրողների հետ, կպատրաստեն տեղեկատվական բնույթի եւ հանրահռչակող նյութեր` ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով պատշաճ ներկայացնելու համար:
Այցի շրջանակներում, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում հյուրընկալել է Ժնեւի Գրքի եւ մամուլի միջազգային ցուցահանդեսի նախագահ Պատրիկ Ֆեռլային, Ժնեւի ցուցադրումների պալատի եւ ցուցահանդեսների ծառայությունների տնօրեն Բեռնար Քիոտին, գրքի եւ մամուլի միջազգային ցուցահանդեսի գործադիր տնօրեն Ադելին Բոյին եւ l’Hebdo, Le temp, 24 heures պարբերականների ներկայացուցիչներին:
Նախարարը ներկայացրել է մշակույթի տարբեր ոլորտները, մասնավորապես կանգ առնելով հայ գրչության, ապա եւ գրատպության 500-ամյա պատմության շրջադարձային դրվագներին ու թարգմանչաց արվեստին, ժամանակակից կյանքի անխուսափելի մաս դարձող էլեկտրոնային գրքերին:
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ժնեւյան պատվիրակության ներկայացուցիչներն այս օրերին այցելելով հայ միջնադարյան գրչության եւ դպրության կենտրոններ` Տաթեւի վանք, Գլաձոր, Թարգմանչաց եկեղեցի, Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», երեւանյան գրախանութներ, արվեստի օջախներ, շփվելով արվեստագետների ու մտավորականների հետ` Ժնեւի Գրքի եւ մամուլի միջազգային առաջիկա ցուցահանդեսին առավել համապարփակ եւ ճշմարիտ կներկայացնեն պատվավոր հյուր`Հայաստանը:





























