Աշխատանքի միջազգային կազմակերպությունը «Տնտեսական աճն ու զբաղվածությունն առավել քիչ զարգացած երկրներում» թեմայով զեկույց է հրապարակել:
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ տնտեսական աճն առավել քիչ զարգացած երկրներում զսպվում է արտադրության հանդեպ պետության անբավարար ուշադրությամբ, որի հետեւանքով շեշտը դրվում է հումքային ապրանքների արտահանման վրա:
Զեկույցի փորձագետների կարծիքով, այդ երկրներում տնտեսական աճը կազմում է 2,9 տոկոս, որը բավարար չէ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովման համար:
Միաժամանակ, ընդգծվում է, որ տնտեսական ցածր աճի պատճառը ներդրումների պակասն է ենթակառուցվածքներում եւ գյուղատնտեսությունում: Իր հերթին, ըստ փորձագետների, այս մոտեցումը բխում է այդ երկրների տնտեսությունների չափից դուրս ազատականացումից, որոնք իրենց ֆերմերներին թողել են առանց պետական քաղաքականության:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, «առավել քիչ զարգացած երկրների» ցանկում ներառված է 48 երկիր, որոնց մեծ մասը (33) բաժին է ընկնում աֆրիկյան երկրներին:
Դժվար չէ նկատել, որ նման տնտեսական քաղաքականությամբ տառապում նաեւ Հայաստանը: Հայաստանի անտահանման մեջ, եթե չհաշվենք կոնյակը, ակնհայտորեն մեծ տեսակարար կշիռ են կազմում հումքային ապրանքները` լեռնաարդյունաբերության արտադրանքը, իսկ գյուղատնտեսությունը շուրջ 20 տարի ամբողջությամբ անտեսված էր:
Գյուղատնտեսության զարգացման միակ ուղին ֆերմերների կոոպերացիան է, որը տարիներ շարունակ անուշադրության է մատնված պետության կողմից:




























