Լիբանանի անվտանգության ուժերը դեռեւս փորձում են բացել ցուցարարների կողմից փակված որոշ ճանապարհներ: Ցուցարարները շարունակում են քաղաքացիական անհնազանդության արշավը, հաղորդում է AP-ը:

Այսօր երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ հայտարարվել է, որ կբացվեն դպրոցները, սակայն երեկ ուշ երեկոյան ծնողները հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ դպրոցները կփակվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Բանկերը, դպրոցներն ու շատ ձեռնարկություններ փակ են մնում հոկտեմբերի 17-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո: Ցույցերն սկսվել են մեսենջերների, մասնավորապես, WhatsApp-ի համար առաջարկված հարկերի պատճառով, սակայն դրանից հետո ցույցերը վերածվել են կառավարության հրաժարականի եւ ծայրահեղ քաղաքական փոփոխությունների մասին կոչերի:

Երկրի նախագահ Միշել Աունն այդ օրը պետք է հանդես գար ելույթով: Երեքշաբթի հաղորդվել է, որ վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել:

Ֆրանսիան Լիբանանին կոչ է արել «արագ» նոր կառավարություն ձեւավորել:

«Ամեն ինչ պետք է արվի սադրանքից խուսափելու եւ խաղաղ ցույցերի քաղաքացիների իրավունքը պահպանելու համար: Լիբանանի ապագայի համար կարեւոր է արագ նոր կառավարություն ձեւավորելը, բարեփոխումներ անցկացնելը»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

Չորեքշաբթի ցուցարարները նահանջել են, երբ բանակը մաքրել է գլխավոր տրանսպորտային ճանապարհները, սակայն այսօր նրանք կրկին փողոց են դուրս եկել՝ ասելով, որ իրենց հեղափոխությունը դեռ մոտ չէ ավարտին:

Համալսարաններից մեկի պրոֆեսոր Վալիդ Ռիհանիի խոսքով՝ ցուցարարները ցանկանում են կառավարությունում տեխնոկրատներ տեսնել եւ պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Մենք փողոց ենք դուրս եկել՝ հիշեցնելու, որ նոր կառավարության ձեւավորումը չպետք է տեւի ավելի քան 48 ժամ»,- ասել է նա:

Ցուցարարները նստել կամ պառկել են ճանապարհներին, նրանց եւ անվտանգության ուժերի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, սակայն լուրջ բախումների կամ վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն եղել: