Արցախում ՏՏ կենտրոն ստեղծելու ծրագիրը ներկայումս գտնվում է մոդելավորման փուլում, իսկ մեկ ամսից այդ կենտրոնի մոդելը կներկայացվի արցախյան հանրությանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը։ Նրա խոսքով՝ սկսնակ ընկերությունները հիմնադրման ժամանակ ներդրումների լուրջ խնդիրներ են ունենում` նրանց ներդրումների հիմնական մասը ծախսվում է տարածքի եւ տեխնիկայի ձեռքբերման վրա։ Ստեղծվելիք կենտրոնը կլուծի այդ բնույթի խնդիրները։

«ՏՏ կենտրոնը ինկուբատորի դերակատարություն կունենա`տրամադրելով գրասենյակային եւ այլ տարածքներ, որոնք հագեցած կլինեն անհրաժեշտ սարքավորումներով։ Ընկերությունները կազատվեն այդ հոգսերից եւ արդեն առանց մեծ ներդրումների կարող են սկսել իրենց  գործունեությունը»,-ասաց Կ. Եսայանը։ Նրա խոսքով՝ սկսնակ ընկերությունները  հաջող ընթացքի պարագայում 1-3 տարվա ընթացքում դուրս կգան ինկուբացիոն շրջանից եւ իրենց տեղը կզիջեն նոր ընկերությունների։

Նախարարի խոսքով՝ կենտրոնի համար արդեն տարածք է հատկացվել Ստեփանակերտի կենտրոնում՝ եռահարկ նոր շինություն, որտեղ ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում։