Եվրոպական խորհրդարանի ապրիլի 7-ին ընդունված բանաձեւում հղում է արվում նախորդ բանաձեւերին, որոնց հայտնի են իրենց ոչ հայանպաստ ձեւակերպումներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնամբի անդամ, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հիշեցնելով, մասնավորապես 2010 թվականի հունիսին ընդունված 2216 բանաձեւը, որում կան ոչ հայանպաստ ձեւակերպումներ ԼՂ խնդրի վերաբերյալ:

«Դրանում, օրինակ, նշվում է, որ հայկական ուժերը անհապաղ պետք է դուրս բերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»: Երկրագնդի վրա չկա մեկը, ով քննադատած չլինի այդ բանաձեւը եւ այն համարած չլինի ոչ հայանպաստ»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

«Իշխանությունները փորձում են հերթական անգամ մոլորեցնել Հայաստանի հասարակությանը` խեղաթյուրելով Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի բովանդակությունը»,- ասաց նա, մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: «Չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների հետ շփումներ» ձեւակերպում բանաձեւի 48-րդ կետում, ցավոք սրտի, չկա: Պարզապես, փորձ է արվում հերթական անգամ մոլորեցնել մեր հասարակությանը կեղծ ձեւակերպումներով`դրանք ներկայացնելով որպես  դիվանագիտական հաղթանակ»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա կարծիք հայտնեց, որ իրականում նման ձեւակերպում բանաձեւի նախագծում եղել է, սակայն Հայաստանի  դիվանագետների «ապիկարության հետեւանքով  վերջնական բանաձեւը բավական անդեմ է ստացվել»:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը ողջունելի էր համարել Արցախի իշխանությունների  եւ հասարակության հետ ուղիղ շփումներ հաստատելու Եվրախորհրդարանի կոչը: Պատգամավորն այդ բանաձեւը համարել էր հայ դիվանագիտների լավ աշխատանքի արդյունք: Նա նաեւ հռետորական հարց էր ուղղել, թե այս պարագայում տեսնես ինչպե՞ս կարձագանքեն անցյալ տարի ԵԽ մեկ այլ բանաձեւի ընդունման կապակցությամբ մեր դիվանագիտությունը քննադատողները: