Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը թեւակոխել է արդեն համաձայնեցված սկզբունքների իրագործման փուլ, ինչի վրա պնդում են ոչ միայն համանախագահները, այլեւ Թուրքիան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը «առկախում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացից, ինչի մասին խոսում են թուրք բոլոր պաշտոնատար անձինք՝ առանց բացառության եւ ուղիղ խոսքով: Մնացածը տեխնիկայի հարց է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե «Մադրիդյան նորացված տարբերակն արդեն պատրաստ է, բայց այն համանախագահների այցի ժամանակ չի ներկայացվելու կողմերին»: Մեկնաբանելով Մերզլյակովի հայտարարությունը՝ փորձագետը նշեց. «Սկզբունքները կբերե՞ն, թե՞ չեն բերի, կհրապարակե՞ն, թե՞ չեն հրապարակի, այնքան էլ կարեւոր չէ: Համենայն դեպս, շախմատի մեջ պարտադիր չէ, որ մի շախմատիստը մատ անի մյուսին, որ նա սեղանի մոտից վեր կենա: Ուղղակի վերլուծելով պարտիան՝ կարելի է ասել, որ մատային վիճակ է Հայաստանի համար»,- արձանագրեց Մեհրաբյանը: Ըստ փորձագետի՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Քիշնեւում նախատեսված հանդիպմանը կամրապնդվեն հիմնական շրջանակները: «Սա տեխնիկական խնդիր է: Քաղաքական համաձայնեցման տարրեր չեմ տեսնում, ուղղակի տպավորություն ունեմ, որ ամեն ինչ արդեն համաձայնեցված է»,- նկատեց նա:




























