ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Քիշնեւում նախատեսված հանդիպումից դրական առաջընթաց է ակնկալում: Այդ մասին Զոհրաբյանը հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Կարծում եմ՝ պիտի գոնե ինչ-որ շարժ կլինի: Այսօր զարգացումներ են թե հայ-թուրքական, թե ղարաբաղյան խնդրի հետ կապված: Գործընթացը շարունակվում է: Կարծում եմ՝ ղարաբաղյան ճակատում էլ ինչ-որ առաջընթաց կլինի»,- նկատեց հանրապետական պատգամավորը՝ նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ էլ նշելով. «Ակնկալում եմ, որ կլինեն դրական մոտեցումներ: Գիտեք սկզբունքները: Ղարաբաղի ինքնորոշման հարցն է մեզ համար ամենակարեւորը, անվտանգության գոտին եւ կապը Հայաստանի հետ: Այդ երեք սկզբունքների վրա պիտի փորձեն գալ համաձայնության»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե «Մադրիդյան նորացված տարբերակն արդեն պատրաստ է, բայց այն համանախագահների այցի ժամանակ չի ներկայացվելու կողմերին»: «Նախ դեռ այդ նորացված կրակովյան տարբերակը մեզ հայտնի չէ: Միայն գիտենք, որ մեկ ամիս առաջ Բրայզան ասում էր, որ դրանք միայն տեխնիկական խնդիրներ են լինելու, բայց, իմ կարծիքով, դրանք զուտ տեխնիկական չեն, եւ քանի չեն հրապարակվել, չենք կարող ասել, թե ինչ կա դրանցում»,- ազդարարեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Հնարավո՞ր է, որ նախագահներն ինչ-որ պայմանավորվածության հանգեն տարածքների վերադարձի վերաբերյալ, հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես հիմա հստակ չեմ կարող ասել այդ տարածքների վերաբերյալ, բայց անվտանգության գոտի որ ասում են, դա ընդհանուր ձեւակերպում է, եւ դեռ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինի այդ գոտին: Ի վերջո, դա կախված է նախագահների հանդիպումից: Ավելին ասելը՝ կտա՞ն, թե չե՞ն տա, ավելորդ շահարկման խնդիր է»:




























