Պենտագոնը հայտարարել է Մերձավոր Արեւելք B-52 ռմբակոծիչներ եւ լրացուցիչ զորքեր ուղարկելու ծրագրերի մասին, հայտնում է The Washington Post-ը:

Խոսքը, մասնավորապես, Վիչենցա քաղաքում տեղակայված 200 զինծառայողների մասին է:

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է Բաղդադում եւ Թեհրանում վրդովմունքի ֆոնին, որը բռնկվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետեւանքով:

Ընդ որում՝ չի ներկայացվում ուղարկվող ռմբակոծիչների ստույգ թվաքանակը:

Նշվում է միայն, որ լրացուցիչ զորքեր ուղարկելուց հետո Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ԶՈՒ թիվը կկազմի 80 հազար:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել էին «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Իրանի խորհրդարանն այսօր Պենտագոնը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: