Երեւանի մետրոյով 15-20 րոպե երթեւեկելու դեպքում (իսկ մետրոյում աղմուկը հասնում է 75 դեցիբելի) մարդն իր օրգանիզմը որոշակի վտանգի է ենթարկում։ Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպան Թամարա Գալստյանը՝ խոսելով մարդու վրա աղմուկի թողած բացասական ազդեցության մասին։

«Օրինակ, Կանադայում աղմուկը բացառելու նպատակով մետրոն աշխատում է ռետինե անիվների կամ հատուկ բարձիկների վրա, մինչդեռ մեզ մոտ մետրոյի ե՛ւ անիվները, ե՛ւ ռելսերը երկաթյա են, հետեւաբար՝ աղմուկը թունելում եւ վագոնների մեջ հասնում է վտանգավոր շեմին»,- ասաց նա։

Բնապահպանը նաեւ տեղեկացրեց, որ Նյու Յորքում, օրինակ, այն սրճարանները եւ ռեստորաները, որոնց ներսում միացված երաժշտությունը լսվում է 4,5 մետր հեռավորությունից, տուգանվում են 8 հազար դոլարի չափով։ «Իսկ ահա կորեական քաղաքների փողոցներում կան հատուկ ցուցանակներ, որոնք չափում են հենց այդ պահին այդ վայրում առկա աղմուկը, որոշ մեգապոլիսներում ավտոճանապարհներին պլաստիկե վահանակներ են դրվում, որպեսզի մեծ աղմուկը չհասնի քաղաքին»,- ասաց Գալստյանը։

Ամփոփելով նա տեղեկացրեց, որ համաձայն անցկացված հետազոտությունների՝ կանայք աղմուկի հանդեպ ավելի զգայուն են, քան տղամարդիկ, ընդ որում, մարդու թմբկաթաղանթները պայթում են արդեն 140 դեցիբել աղմուկի դեպքում։

Նշենք, որ գիշերային աղմուկի դեմ օրենքը Հին Հռոմում կար եւ գործում էր դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից։ Կայսրն արգելել էր Հռոմի փողոցներով գիշերային ժամերին սայլերի անցուդարձը։ Իսկ ահա Անգլիայում՝ Եղիսաբեթ թագուհու օրոք խստիվ արգելված էր գիշերվա ժամը 10-ից հետո ամուսինների միջեւ ծագած վիճաբանությունը եւ դրա հետեւանքով առաջացած աղմուկը։