Անցած տարիների ընթացքում Հայաստանում կուտակվել են բանկերի եւ վարկային կազմակերպությու նների կողմից տրամադրված զգալի ժամկետանց վարկային պարտավորություններ։ Ընդ որում, բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտ հարկային օրենսդրության հետ կապված խնդիրներ են առաջացել։Այս մասին փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Մասնավորապես, նրա խոսքերով, բավական հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են ներել որոշ ժամկետանց պարտավորություններ մնացած միաժամանակյա պարտավորություններն ըստ գրաֆիկի մարելու դեպքում՝ հաշվի առնելով ամբողջական գումարը ստանալու հավանականությունը եւ ժամկետները։
«Սակայն բոլոր այս դեպքերում ֆինանսական հաստատությունների համար ծագում են հարկային պարտավորություններ։ Մասնավորապես, ներված փոխառությունների, տոկոսների եւ տուգանքների առումով իրականացվում է հարկում՝ եկամտից հարկի տեսքով, քանի որ այս ամենը հաշվարկելու պահին համարվում է եկամուտ, այլ ոչ թե միջոցների փաստացի ստացում։ Ավելին, ֆիզիկական անձանց վարկերը ներելու դեպքում ներված վարկը սկսում է ֆիզիկական անձի համար համարվել եկամուտ, եւ վարկառուն նույնպես, որպես հարկային գործակալ, վճարում է եկամտահարկ»,- պարզաբանեց Թանդիլյանը։
Արդյունքում, ինչպես նշեց խորհրդարանականը, շատ հաճախ նման գործողությունները համարվում են ոչ շահավետ բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար, քանի որ հարկերի գումարը գերազանցում է մարված վարկի փաստացի գումարին, իսկ պարտավորությունները մնում են չկատարված։ Այս դեպքում, Թանդիլյանի կարծիքով, տուժում են բոլոր երեք կողմերը, քանի որ ֆինանսական հաստատությունները չեն կարող ստանալ ժամկետանց վարկերի թեկուզ մի մասը, հաճախորդները չեն կարող «ազատվել» ժամկետանց պարտավորություններից, որոնց համար շարունակում են տոկոսներ եւ տուգանքներ գալ, իսկ պետական բյուջեն, իր հերթին, չի ստանում համապատասխան հարկային մուտքեր։
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ պատգամավորը խորհուրդ տվեց Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք թույլ կտան իրականացնել վարկերի ներման գործընթաց եւ ժամկետանց վարկերի հետ կապված որոշ արտոնություններ՝ առանց որեւէ հարկային պարտավորությունների։
«Նման իրադրությունը թույլ կտա կարգավորել պարտավորությունները համակարգային վարկերի ընդհանուր թվի 10 տոկոսի չափով, ինչը նշանակում է, որ շահառուներ տվյալ դեպքում կարող են դառնալ ավելի քան 100 000 վարկառուներ»,- պարզաբանեց Թանդիլյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց խորհրդարանականը, հաշվի առնելով այն փաստը, որ սա կարող է «կեղծ» ժամկետանց վարկերի ստեղծման եւ առանց որեւէ հարկային պարտավորության վարկերի ներման վտանգ առաջացնել, խորհուրդ է տրվում տվյալ հնարավորությունը կիրառել անհուսալի վարկերի հանդեպ, որոնք վերցվել են մինչեւ 2019թ․ դեկտեմբերի 31-ը։
«Տվյալ վարկերի մասնակի ներման կամ զիջումների դեպքում, օգտագործված հնարավորության արդյունքում, եթե պարտավորությւունների 10 տոկոսը մարված լինի, ապա բանկերի կողմից վճարվող եկամտի լրացուցիչ հարկը կկազմի մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց պատգամավորը։
Բավական երկար քննարկումներից հետո օրենքի նախագիծն, այնուամենայնիվ, չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը, թեեւ պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց։




























