2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանի անկախության ընթացքն ավելի արագացավ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Վրաստանի Բորջոմի քաղաքում` նոր վերանորոգած դպրոցի ուսուցիչների հետ զրույցի ժամանակ, գրում է վրացական «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով, Ռուսաստանը կարողացել է գրավել Վրաստանի կարեւորագույն մասերը, եւ չնայած այս ամենին, Վրաստանը կշարունակի գնալ ժողովրդավարության ուղիով:

«Գրավյալ տարածքներում, Ռուսաստանը ձգտում է հաստատել խորհրդային կարգեր, սակայն դրա շանսը լրիվ կորցրել է: Վրաստանը երբեք չի վերադառնա նրա կայսրության ներքո, կհաստատի իր անկախությունը եւ կվերադարձնի տարածքները»,-ընդգծել է Սահակաշվիլին, նշելով, որ դրանում Վրաստանին օգնում է ողջ աշխարհը: