Ադրբեջանում 9 ամսվա կտրվածքով կոռուպցիայի փաստերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 136 մարդ։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը։
Նրա հրապարակած տվյալների համաձայն, ս. թ. հունվարից-սեպտեմբեր ընկած ամիսների ընթացքում Գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի վարչության կողմից ավարտին է հասցվել 85 քրեական գործերի նախաքննությունը։ Ներկայումս հետաքննություն է տարվում 32 քրեական գործերով։
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ այլ հարցերի, մասնավորապես նա շոշափել է ադրբեջանցի գեներալ Ռամիլ Ռզաեւի սպանության թեման, որի գործի հետաքննությամբ, ըստ նրա, զբաղվում են միջազգային փորձագետները, իսկ ինքնին գործը գտնվում է պետության ղեկավարի վերահսկողության ներքո. «Ռզաեւի սպանության կապակցությամբ քրեական պատասխանատվության են ենթարկվել նրա օգնական Այդին Ռաֆիեւը, համհարզ Անար Հաշիմովը եւ զորամասերի որոշ աշխատակիցներ»։




























