Ամերիկահայ գաղութը ապրիլի 24-ի տարելիցին ընդառաջ պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը: Նա նշեց, որ բողոքի գործողությունների կամակերպման նախաձեռնությունը Armenian Genocide Community Task Force-ինն է, որի մեջ մտնում են մի շարք կազմակերպություններ: Այն դիմել է Հարավային Կալիֆորնիայի հայերին` կոչ անելով մասնակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ բողոքի գործողություններին:

Ակցիան կայանալու է ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին, Քալվեր-Սիթիում Sony կինոստուդիայի շենքի առջեւ: Այդ վայրում տեղի է ունենալու Օբամայի նախընտրական դրամահավաքը: «Քանի որ ԱՄՆ նախագահը Լոս-Անջելես է այցելելու նախընտրական արշավի շրջանակներում` ապրիլի 24-ից ընդամենը երեք օր առաջ, ուստի որոշվեց օգտագործել առիթն ու նրա դեմ բողոքի գործողություններ իրականացնել»,-նկատեց Չուլջյանը:

Նա նաեւ հավելեց, որ տեղի հայ համայնքը խորը հիասթափված է Օբամայից, քանի որ վերջինս  չի կատարել իր նախընտրական խոստումը` չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք պետք է հստակ եւ բարձր հասցնենք մեր ուղերձը նրան եւ հիշեցնենք, որ խոստումներ է տվել, որոնք դրժել է»,-ասաց Չուլջյանը:

Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հայտարարության մեջ ոչ մի անգամ չի արտաբերել «ցեղասպանություն» բառը՝ խախտելով Ցեղասպանությունը ճանաչելու մասին իր նախընտրական խոստումը։

Վերջերս Օբաման հայտարարել էր, որ մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։