«Առավոտ» օրաթերթը զրուցել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացված է ստորեւ:

Վստահ եմ, որ քաջատեղյակ եք հայաստանյան իրադարձություններին, ի՞նչ եք կարծում` նախընտրական տարին ինչպիսի՞ն կլինի, եւ ընտրական լարվածությունը որքա՞ն մեծ կլինի:

Մի բան հաստատ գիտեմ` մեր երկրին պետք է խաղաղություն, մեր երկրին ավելորդ  լարվածություն պետք  չէ, դա կանգնեցնելու է առանց այն էլ շատ փոքրիկ տնտեսական աճը: Մեր ժողովուրդը պետք  է հասկանա  դա եւ պետք է կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Իշխանությունները, երկրի նախագահը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երկիրն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում իրեն շատ արժանապատիվ դրսեւորի: Եւ նախագահը իսկապես դա անում է: Իհարկե, նախագահի կատարած այդ մեծ աշխատանքին պետք  է հետեւեն կառավարության համարժեք քայլերը, որպեսզի ժողովուրդը զգա, որ իսկապես մեծ աշխատանք է կատարվում: Գուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կառավարությունը ետ է մնում, ես չեմ կարող ասել, թե ինչու,, բայց լավ կլիներ, որ ետ չմնար, լավ կլիներ, որպեսզի նախագահի կատարած քայլերին համարժեք քայլեր կատարեր, եւ դժգոհության ալիքը մեղմվեր: Իհարկե, ՀԱԿ-ը օգտվում է այս վիճակից եւ փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել, սակայն ի վերջո 2012-ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի, ընտրությունը ժողովրդինն է: Իմ ցանկությունն այն է, որ մեր երկրում լինի խաղաղություն, մեր ժողովուրդը լավ ապրի, եւ մարդկանց հոգսերը թեթեւանան, եւ համոզված եմ` մեր նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրները լուծի, եւ մարդիկ լավ ապրեն:  

Անշուշտ, հետեւել եք, թե մամուլում ինչ աղմուկ բարձրացավ «Տաշիր-2011»-ի մրցանակաբաշխությունից հետո: Ըստ Ձեզ` ինչո՞ւ բարձրացավ այդ աղմուկը:

Ես շատ ուշադիր հետեւել եմ այդ ամենին, ինչ տպագրվեց այդ մրցանակաբաշխության մասին, եւ շատ եմ ամաչում, որպես հայ, որ մի խումբ մարդիկ (դա մեր ժողովուրդը չէ, թող ժողովրդին հանգիստ թողնեն), որոնց ձեռնտու չէ, որ Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձր է եւ բարձրանում է, նման աղմուկ բարձրացրին: Ցանկացած հայի հայտնի է, որ Սամվել Կարապետյանն իր հարստութունը աշխատել է դրսում , ինքն այդ գումարները Հայաստանում չի աշխատել եւ իրավունք ունի իր ուզած ձեւով ծախսելու:

Նա նաեւ մաղթում է, որ Հայաստանում  խաղաղություն լինի…