Չեչնիայի հարավ-արեւելյան լեռներում ոչնչացվել են յոթ գրոհայիններ։ Ինչպես հայտարարել է հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը, Նոժայ Յուրտի շրջանի Բենոյ գյուղի մոտակայքում իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է։ Միլիցիայի աշխատակիցների մեջ զոհեր չկան։ Քադիրովն ընդգծել է, որ գրոհայինների խումբը բաղկացած է մոտ 20 մարդուց, որոնողական աշխատանքներ են տարվում մնացած գրոհայիններին հայտնաբերելու ուղղությամբ։

«Ըստ օպերատիվ տվյալների, խմբում ընդգրկված են նաեւ Դաղստանի բնակիչներ»,- ասել է Չեչնիայի նախագահը։ Նա ընդգծել է, որ մանրակրկիտ նախապատրաստությունն ու գործողության անսպասելի բնույթը դրա մասնակիցներին թույլ են տվել խուսափել զոհերից։ «Հատուկ գործողությանը մասնակցում են հանրապետության ՆԳՆ աշխատակիցները, ինչպես նաեւ ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի „Հյուսիս“ գումարտակը»,- նշել է Քադիրովը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»ը։