Անհանգստանալու կարիք չկա, որ կարող է առաջանալ պարենամթերքի պակաս, իսկ ինչ վերաբերում է գներին, ապա դինամիկան խոսում է որոշ ապրանքների գնիջեցման մասին, ինչը կապված է նաեւ դոլարի փոխարժեքի անկման հետ: Այդ մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Գեղամ Գեւորգյանը:
«Փետրվարի 26-ին կարագի գինը կազմել է 3730 դրամ, ամենաբարձր գինը գրանցվել է մարտին՝ 3870 դրամ, ապրիլի 8-ին այն արդեն արժեր 3790 դրամ: Բուսական յուղն այդ ժամանակ արժեր 705 դրամ, ամենաբարձր գինը 735 դրամ էր, իսկ այժմ՝ 710 է: Ապրիլի 8-ին գրանցվել էր ալյուրի գնի անկում՝ 290-ից 285 դրամ՝ չնայած դրա նախնական արժեքը կազմել էր 275 դրամ: Աճը կապված էր փոխադրման խնդիրների հետ դեռեւս նախքան արտակարգ դրություն հայտարարելը: Տեղական վարունգի եւ լոլիկի գինը եւս անկում էր ապրել»,-նշել է նա:
Գեղամ Գրիգորյանը հավելել է, որ միեւնույն ժամանակ նկատվում է նարնջի գնաճ, մինչդեռ մանդարինի գինը նվազել է 60 դրամով:
«Անհանգստացնող սեգմենտ է դեռեւս ձավարեղենը, ինչը կապված է արտաքին շուկաներում դրա գնաճի հետ: Մենք մեր կողմից ուսումնասիրում ենք ներկրումից մինչեւ խանութ հասնելու շղթան»,-ընդգծել է ՏՄՊՊՀ ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2020 եւ 2018 թվականների գների վերլուծությունը ցույց է տվել գնիջեցում այնպիսի ապրանքների դեպքում, ինչպես շաքարավազը, կարագը, ձուն, ինչը վկայում է շուկայի ազատագրման մասին:
«Բացի այդ, ճիշտ է օգտագործվում նաեւ արտաքին շուկաների գործոնը»,-հավելել է նա:
Անդրադառնալով Վանաձորում հացի գնի բարձրացմանը՝ պաշտոնյան պարզաբանել է, որ խնդիրը կապված է ալյուրի գների աճի հետ, ինչպես նաեւ սպառման ծավալների կրճատման հետ, ինչը կապված է բազմաթիվ ձեռնարկությունների փակման փաստի հետ, ինչպես նաեւ պայմանավորված է հանգամանքով, որ մարդիկ այժմ ավելի շատ են հաց թխում տանը:
«Հայաստանում հացն ամենամատչելի գինն ունի հենց Վանաձորում: Այնտեղ շուկան մոնոպոլիզացված չէ, ոլորտում աշխատում է 40 պետական սուբյեկտ: Այժմ ուսումնասիրում ենք նրանց հետ համախմբման հարցը»,-ամփոփել է ՏՄՊՊՀ ղեկավարը:




























