Ապրիլի 14-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները դուրս են բերել ձորից 31–ամյա Վիոլետա Բ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:
Աշտարակի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին բազմաթիվ կոտրվածքներով իրենց մոտից տեղափոխվել է Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փորձեցինք կապ հաստատել «Արմենիա» ԲԿ–ի աշխատակիցների հետ, սակայն վերջիններս զանգերին չպատասխանեցին։





























