ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գնահատականի շուրջ ստեղծված քննարկումների ֆոնին «Կյանք և ազատություն» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ելույթը Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Ես նախագահ Քոչարյանին ճանաչել եմ ոչ պակաս, քան 20 տարի և կուզեմ գնահատել նրա գործունեությունը թե՛ իբրև նախագահ, թե՛ իբրև անձ։

Իբրև նախագահ իմ ունեցած տպավորությունը նրանից այն էր, որ նա չափազանց սկզբունքային է, հետևողական, նպատակասլաց։ Մարդու գնահատման համար մենք՝ եկեղեցականներս, հավանաբար փոքր–ինչ այլ մոտեցում ունենք։ Մենք հատկապես նկատի ենք ունենում, թե անձը ինչ դիրքորոշում ունի եկեղեցու նկատմամբ։ Եվ ես այս առումով ցանկանում եմ արձանագրել ընդամենը երկու փաստ․ առաջինը, նախագահ Քոչարյանի օրոք էր, որ Սահմանադրության մեջ որոշակիորեն արտահայտվեց պետության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ՝ այն արձանագրելով որպես ազգային հաստատություն՝ հաշվի առնելով եկեղեցու բացառիկ դերակատարությունը հոգեւոր, մշակութային  ինքնության պահպանման գործում։ Երկրորդը՝ նախագահ Քոչարյանի պաշտոնավարության շրջանում էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան ներդրվեց հանրակրթական դպրոցներում, որպեսզի մեր երեխաները հնարավորություն ունենան ծանոթանալ եկեղեցու դավանած արժեքներին թե՛ բարոյական, թե՛ հոգեւոր, թե՛ ազգային, որը, կարծում եմ՝ կհամաձայնեք՝ այն միակ ամուր երաշխիքն է, որով մեր ազգը կարող է գոյատեւել։

Որպես անձ առաջինը, ինչ ես մտաբերում եմ, բացի սկզբունքայնությունից և նպատակասլացությունից, ես չափազանց տպավորված եմ եղել իր բացառիկ հումորով։ Ֆիլմի մեջ արձանագրվեց մի ճշմարտություն. ասվեց, որ չափազանց դժվար է ամենից ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն վերցնել։ Իհարկե, ոչ ոք չի կարող վիճել այս իրականության հետ, բայց մի ճշմարտություն եւս կա՝ այսպիսի դժվար իրավիճակներում պատասխանատվություն վերցնելու ժամանակ մրցակիցներ չես ունենում, մրցակիցները հայտնվում են այն ժամանակ, երբ հաջողություններ են լինում, դափնիները կիսելու ժամանակն է լինում։ Աստված թող մեզ խնայի այդպիսի ճգնաժամային իրավիճակներից, բայց, այնուամենայնիվ, այդպիսի  վիճակներում պատասխանատվություն վերցնում են միայն բացառիկ քաջարի մարդիկ»,– ասել է նա։